24.03.2026

Սիմոնյանը ընդդիմադիրներին համարում է «պատերազմի կուսակցություններ»

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները, ըստ էության, ընտրություն են կատարելու խաղաղության և հնարավոր պատերազմի միջև։


Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ, իր գնահատմամբ, որոշ քաղաքական ուժերի համար պատերազմական թեմատիկան դարձել է քաղաքական գործիք։


«Ես հասկանում եմ, որ այն ուժերին, որ հիմա դահլիճում են, այն ուժերին, որոնք ուզում են խորհրդարան մտնել, պատերազմ է պետք, պատերազմի մասին խոսակցություն է պետք, որպեսզի կարողանան դրա վրա քաղաքական բան կառուցել: Բայց հիմա պատերազմ չկա, խաղաղություն է»,- ասել է Սիմոնյանը։


Նա նշել է նաև, որ արդեն երկու տարի է՝ սահմաններին հակառակորդի կրակոցներից զոհեր չեն եղել։ «Հիմա պատերա՞զմ է, թե՞ խաղաղություն է: Խորհրդային միության փլուզումից այս կողմ չի եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանն առևտուր անեն, չի եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երկու կողմից խոսեն խաղաղության մասին»,- ասել է ԱԺ նախագահը։


Սիմոնյանի խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել և չկորցնել ներկայիս իրավիճակը։ «Պետք է վախենալ այդ խաղաղությունը ձեռքից բաց թողնելուց»,- ընդգծել է նա։ ԱԺ նախագահի համոզմամբ՝ քաղաքական դաշտում հստակ բաժանում կա.


«ՀՀ գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, խաղաղության կուսակցություն է, մնացածը՝ հիմնական ընդդիմադիր դերակատարները, պատերազմի կուսակցություններ են: Իրողությունը դա է: Եթե մարդիկ ասում են, որ պետք է պահանջ ներկայացնեն, դա կոչվում է պատերազմ»,- ասել է Սիմոնյանը։


Նա նաև անդրադարձել է խորհրդային ժառանգությանը՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո մի շարք տարածաշրջաններում մնացել են չլուծված սահմանային խնդիրներ։ «Մեզ էլ ասել է՝ դուք, որ ապրում եք Հայաստանում, միշտ երազեք, որ ձեր տունը միայն այստեղ չէ, այնտեղ էլ է, մենք էլ ձեզ տիրություն կանենք: Նպատակն է, որ մենք միշտ կախված լինենք նրանցից»,- ասել է նա։


Ամփոփելով՝ Սիմոնյանը կրկին ընդգծել է իր գնահատականը քաղաքական դաշտի վերաբերյալ՝ նշելով, որ ընտրությունները լինելու են խաղաղության պահպանման և հնարավոր պատերազմի վերադարձի միջև ընտրություն։

Թեմայի այլ նորություններ