19.03.2026

Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում վերադարձվել է $773 մլն-ի ակտիվներ . դատախազ

Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը շոշափելի արդյունքներ է տալիս. պետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 773 միլիոն դոլարի ապօրինի ծագում ունեցող գույք։


Մարտի 19-ի կառավարության նիստում այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ընդգծելով, որ իրավապահ համակարգը հասել է մի փուլի, երբ քրեական գործերի՝ դատարան ուղարկելն ու ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով վճիռները կայացվում են գրեթե միաժամանակ։


Ընդհանուր վերադարձված ակտիվներից 504 միլիոն դոլարի գույքն ուղղակիորեն փոխանցվել է պետությանը։ Բացի այդ, օրինականության վերականգնման շրջանակներում Սևանա լճի ափամերձ հատվածում արդեն իսկ ապամոնտաժվել է ավելի քան ութսուն ապօրինի շինություն։


Որպես հաջողված աշխատանքի թարմ օրինակ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց մայրաքաղաքի հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող յոթ հազար քառակուսի մետր մակերեսով հողամասի վերադարձը պետությանը։


Ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ այս տարածքը, որի օտարման պայմանագիրը կնքվել էր դեռևս 2005 թվականին, այժմ տրամադրվելու է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառապահպանության նպատակներով։


Գլխավոր դատախազը մանրամասնեց, որ այս դրվագը կապված է Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի օգնականի գույքի բռնագանձման վարույթով կնքված հաշտության հետ, իսկ բուն նախկին քաղաքապետի դեմ գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատարան։ Նույն տարածքում պետությանն է հատկացվել ևս հինգ նմանատիպ հողամաս։

Թեմայի այլ նորություններ