Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանն ու ընտանիքի անդամները 2026թ. փետրվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
2023թ. մարտի 13-ին սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն: Նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր: Գրում է «Հետքը»:
Դատախազություն են հրավիրվել նաև Վլադիմիր Թամրազյանի կինը՝ Ռեբեկա Աբրահամյանը և մայրը՝ Մարիա Թամրազյանը, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Նշենք, որ Վլադիմիր Թամրազյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր ամուսինն է:
Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ սեփականատերերի՝ գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշում, ապացույց ներկայացնելուց հետո հնարավոր է փոփոխվի ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի ցանկը: Այդ իսկ պատճառով ձեռնպահ են մնում նախապես գույքի ցանկ հրապարակելուց: