Երեկ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին՝ խնդրելով աջակցություն ընտրությունների ընթացքում՝ Մոլդովայի օրինակի կամ փորձի հիման վրա։
Ելնելով այս հանգամանքից՝ պետք է արձանագրենք երեք փաստ։
Առաջինը՝ սա արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտություն է։
Երկրորդ՝ գործող վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և նույնիսկ պետական ու վարչական ուժային ռեսուրսները բավարար չեն սեփական վերարտադրությունն ապահովելու համար։
Երրորդ՝ ստեղծված իրավիճակից ելնելով՝ նրանք արտաքին ուժերի միջամտությամբ, հենց Մոլդովայի օրինակով, պատրաստվում են առաջիկա ընտրությունների ընթացքում չեզոքացնել ընդդիմադիր ուժերի մասնակցությունը։
Սա է իրական պատկերը Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ ժողովրդավարության, անկախության և ինքնիշխանության վերաբերյալ։
Եվ ամենևին զարմանալի չի լինի, եթե առաջիկայում Ալիևը և Էրդողանը հայտարարեն, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար Նիկոլ Փաշինյանը դիմել է իրենց՝ ակնկալելով նրանց օգնությունն ու աջակցությունը Հայաստանում Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու նպատակով։
Իրականում, սակայն, Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը պետք է որոշի հայ ժողովուրդը, և որևէ արտաքին միջամտություն կամ արտաքին կենտրոնից պարտադրված լուծում մեզ համար անընդունելի է, և մենք դա թույլ չենք տալու։
«Հայաստան» ԱԺ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան