14.08.2025

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ահազանգում է

Օկուպացված Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ նահանգների ղեկավարների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների կապակցությամբ։


«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող բազմամյա ջանքերը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը կարևոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը ըստ արժանվույնս է գնահատվել Արցախի ժողովրդի ու նրա իշխանությունների կողմից:


Տարիների ընթացքում և հետևողական ու համբերատար աշխատանքի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները մյուս երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ներկայացրել են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանող կարգավորման մի բանաձև՝ Մադրիդյան սկզբունքներ անունով, որի առանցքում եղել են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Մինչև 2020թ. Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ամենաբարձր՝ նախագահների մակարդակով վստահեցրել են Արցախի ժողովրդին, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում և այն իրականացվելու է վերոնշյալ սկզբունքների հիման վրա:


Ամեն ինչ փլուզվեց 2020թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով, իսկ դրա դատապարտաման բացակայությունը հանգեցրեց ավելի մեծ ողբերգության, երբ հազարամյա հայկական Արցախի 150 հազար բնակչությունը, ցեղասպանվելու սպառնալիքի տակ, տեղահանվեց իր հայրենիքից և ապաստան գտավ Հայաստանի Հանրապետությունում:


Ակնկալվում էր, որ գոնե այդ մեծ արհավիրքից հետո միջազգային ազդեցիկ կենտրոնները և, իհարկե, առաջին հերթին ՄԽ համանախագահ երկրները պարտավոր էին արագ արձագանքել՝ փակուղուց դուրս գալու ելքեր առաջարկելով: Սակայն, ցավով պետք է նշենք, որ ՄԽ համանախագահ երկրները ընտրեցին «ամենահեշտ» ճանապարհը՝ տարբեր պատրվակներով հրաժարվեցին միջնորդ-խաղաղարարի իրենց պարտավորություններից և նույնիսկ, փաստացի քաջալերելով մարդկության դեմ հանցագործությունը, անտեսեցին Արդարադատության միջազգային դատարանի՝ իր պատմական հայրենիք անվտանգ և երաշխավորված վերադառնալու Արցախի ժողովրդի իրավունքը վերահաստատող պարտադիր որոշումը:


Խաղաղության և կայուն զարգացման նշանակությունը ոչ ոք ավելի լավ չգիտի, քան Արցախի ժողովուրդը, որ իր իրավունքների պաշտպանության համար անցել է բազում զրկանքների ու զոհողությունների միջով, դիմակայել է Ադրբեջանի կազմակերպած մոտ տասը ամսվա համատարած շրջափակմանը, բայց այսպիսի ընթացքը չի կարող մոտեցնել այն սպասված խաղաղությանը, որի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները:


Հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունների կեցվածքը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների անտեսման հարցում միայն թվացյալ հաջողության պատրանք կարող է առաջացնել միջազգային անվտանգային օրակարգում և առաջիկայում խորը հիասթափության առիթ է դառնալու իրական խաղաղությամբ շահագրգիռ դերակատարների համար:


Համոզված ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաթեթն անպայման պետք է ներառի.


- Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն իր պատմական հայրենիք և մշտական բնակության վայրեր,


- Արցախի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, որն արդեն խիստ վտանգված է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով,


- Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի չլուծված հարցերը, որոնք հանգեցնում են Բաքվի բանտերում նրանց իրավունքների ոտնահարման և անօրեն դատական գործընթացների:


Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբը բացահայտում է համանախագահ երկրների վարած արտաքին քաղաքականության ոչ հետևողական լինելը, խաթարում է նրանց հեղինակությունը և ստանձնած պարտավորությունների հանդեպ առաջացնում անվստահություն և փաստում, որ փոքր կամ «նվազ ռազմավարական» տարածաշրջանները շարունակում են որպես մանրադրամ օգտագործվել քաղաքական մեծ խաղերի համար:


Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ահազանգում է խաղաղարարության առաքելությունը տապալած դերակատարների պատասխանատվությունը քողարկելու փորձերի մասին և վերահաստատում է իր հավատարմությունը իրական խաղաղության գաղափարին՝ հիմնված արդարության, իրավունքի և փոխվստահության վրա»։


 

Թեմայի այլ նորություններ