13.08.2025

Դավիթ Տոնոյանը՝ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի մասին

«Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո դեկլարատիվ հայտարարություններին գնահատական տալ այս պահին չեմ կարող, ամեն ինչ պարզ կդառանա, երբ գործնական քայլեր իրականացվեն»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12–ին, NEWS.am–ի հետ զրույում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։


«Այսինքն մենք տեսնենք, որ անվտանգության ապահովման տեսանկյունից, խաղաղության հռչակագրում գրվածը իրականացվում է տեղում՝ առաջնագծում, սահմանազատումն իրականացվում է հնարավորինս ճշգրիտ։ Այդ ամենը պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ սկսվեն պրակտիկ քայլերը»,–հավելեց նա։


Խոսելով «Թրամփի ուղու» մասին, պաշտպանության նախկին նախարարն ասաց.


«Ես այդպիսի ելք չէի պատկերացնում, առնվազն այն՝ ինչ ես պատկերացնում էի, ձևակերպված է նոյեմբերի 9-ի համաձայնություններում։ Արցախի կորուստը, Լաչինի ճանապարհի կորուստը ես չէի պատկերացնում։ Հիմա այլ իրավիճակ է, և այս իրավիճակից ելնելով այսօրվա իշխանությունները նման համաձայնությունների են գալիս։ «Թրամփի ուղու» մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ լինի տեխնիկական առաջադրանքը՝ թե ինչ է իրենից ներկայացնելու այդ ճանապարհը՝ ինչ երկրներ են մասնակցելու այս ծրագրին, ինչ ներդնողներ։ Դեռ պարզ էլ չէ, թե այդ ճանապարհը աշխարհագրորեն որտեղով է անցնելու»։


Պատասխանելով լրագրողի հարցին՝ իշխանությունների կողմից ներկայացվող «խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը հավատու՞մ է, Դավիթ Տոնոյանն ասաց.


«Այդ բոլոր ճանապարհները խորհրդային միության տարիներին գործում էին, կամ կիսատ էին գործում»։


Հարցին՝ հավատու՞մ է, որ այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան» կարող է սկսվել, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց.


«Ես հավատալու կամ չհավատալու խնդիր չունեմ։ Այն, ինչ կատարվել է ինձ հետ... ես որևիցե մեկին այս իշխանությունում հավատալու չունեմ»։


 

Թեմայի այլ նորություններ