
Կառավարությունը կսուբսիդավորի տեքստիլի համար հումք ներմուծող ընկերությունների վարկերը

Հայաստանը չի արտադրում տեքստիլի հումք, բայց ցանկանում է զարգացնել ոլորտն ու խթանել արտահանումը։ Այդ նպատակով կառավարությունը որոշել է սուբսիդավորել հումք ներմուծող ընկերությունների վարկային տոկոսները՝ վերածելով դժվարությունը՝ հնարավորության։
Օգոստոսի 7-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որի համաձայն՝ տեքստիլ արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետական աջակցության կստանան հումքի ձեռքբերման նպատակով ստացված վարկերի տոկոսադրույքների մասով։
Նախագծի շրջանակում, եթե ընկերությունը հումք է ներկրում Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից կամ Իրանից և այդ նպատակով վարկ է վերցնում Հայաստանի տարածքում գործող լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից, ապա պետությունն այդ վարկի տոկոսը կսուբսիդավորի՝ մինչև 8 տոկոսային կետ դրամով վարկերի համար և մինչև 6 տոկոսային կետ արտարժույթով։
Օրինակ՝ եթե վարկը վերցվել է 8% տոկոսադրույքով, պետությունը կսուբսիդավորի 6%-ը, և ընկերությունը կվճարի միայն մնացած 2%-ը։
Սուբսիդավորման ծրագրից կօգտվեն այն տնտեսվարողները, որոնք վերջին տարվա ընթացքում արտահանում են իրականացրել (բացառությամբ վերարտահանման), իսկ սուբսիդավորման առավելագույն չափը սահմանվում է վերջին երկու տարիների արտահանման ծավալների հիման վրա։
Պապոյանը շեշտեց, որ այս նախաձեռնությունը միտված է խթանել հումքի ներմուծման դիվերսիֆիկացիան և ապահովել տեղական արտադրողների մրցունակ ներկայությունը արտասահմանյան շուկաներում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ ցանկալի է բաց թողնել ներմուծման երկրների շրջանակը, որպեսզի տարբեր պետությունների համար սա չդիտվի որպես թիրախավորված քաղաքականություն։ Նա առաջարկեց՝ եթե տնտեսվարողները դիմեն այլ երկրների ներառման խնդրանքով, կառավարությունը պատրաստ է այդ փոփոխությունները կատարել օպերատիվ կերպով, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրների պարագայում։


Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը
09.08.2025
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը ստորագրել են Հայաստան-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրեր
Մասնավորապես, ստորագրվել են
09.08.2025