Ավարտվեց մի հիասքանչ ու ոգեշնչող նախագիծ՝ կազմակերպված «Ավանդույթ և արդիականություն» կազմակերպության կողմից։ Այս բացառիկ նախաձեռնությունը կյանքի կոչվեց ավանդական և հայկական վայրերից մեկում՝ Մեգերյան Կարպետ ընկերության տարածքում։
Նախագիծը միավորեց անցյալն ու ապագան։ Երեխաները սովորեցին հայկական գորգագործության գաղտնիքները, ստեղծեցին գորգեր, իսկ գորգի խուզից պատրաստեցին թաղիք և օգտագործեցին այն՝ ստեղծելով կիրառական իրեր։ Այս ամենը իրականացվեց վարպետների աջակցությամբ, ինչի շնորհիվ երեխաները շփվեցին ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Նրանք ոչ միայն ձեռքով գործեցին գորգ ու կարպետ, այլև սիրահարվեցին այս հին և հարուստ արվեստին։
Մեր հրաշալի դասախոսներն էլ ստեղծեցին մի կրթական միջավայր, որտեղ նույնիսկ ամենափոքրիկը կարող էր ծանոթանալ հայկական մշակութային ժառանգությանը։ Երեխաները սովորեցին գորգանախշեր, ստեղծեցին դեկորատիվ աշխատանքներ՝ օգտագործելով արհեստական բանականություն։ Այսպիսով, իրենց ստեղծագործ մտքերը և երևակայությունները նրանք վերածեցին իրականության՝ կյանքի կոչելով այն, ինչ նկարել էին համակարգչով։
Նախագիծը պսակվեց ցուցահանդեսով, որի ընթացքում ներկա էին թե՛ երեխաների ծնողները, թե՛ Մեգերյան Կարպետ ընկերության հյուրերն ու զբոսաշրջիկները։ Բոլորը հիացմունքով դիտում էին, թե ինչպես են հայ երեխաները կարողանում համադրել ավանդույթն ու նորարարությունը՝ ստեղծելով եզակի աշխատանքներ։
Նախագիծը իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Մեծ գնահատանքը են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են թե որքան կարևոր է մշակութային ժառանգության փոխանցումը սերնդեսերունդ։
Նման նախագծերը կշարունակեն օգնել մեր երեխաներին ճանաչելու Հայաստանի պատմությունն ու մշակույթը, սիրելու իրենց երկիրը, ավելի ձգտել գիտելիքին և ստեղծագործելուն։
Շատ շուտով կմեկնարկի նոր փուլ, որի ընթացքում պատանիները կշարունակեն ուսումնասիրել հայկական ժառանգությունը՝ համադրելով դեկորատիվ-կիրառական արվեստն ու արհեստական բանականության գործիքները՝ վերածելով անցյալի արժեքները ապագայի լեզվով խոսող ստեղծագործությունների։