22.07.2025

ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արմեն Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրին ծանոթանալու նպատակով։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է azdarar.am կայքում։ 


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել նաև Արմեն Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը, նրա որդիներն ու դուստրը, հայրն ու մայրը։


«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-219 հեռախոսահամարին»,-ասված է Արմեն Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին ուղարկված ծանուցման մեջ:


 

Թեմայի այլ նորություններ