18.07.2025

Հայաստանում գործնական հմտությունները կդառնան կրթական գործընթացի առանցքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթական համակարգի վերափոխումը՝ այնպես, որ շրջանավարտները ստանան ոչ միայն դիպլոմ, այլ նաև իրական մասնագիտական հմտություններ՝ համապատասխան աշխատանքի պահանջներին։


Հուլիսի 17-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի կրթական համակարգի ամենախնդրահարույց կողմերից մեկն այն է, որ ուսանողները նախ ստանում են դիպլոմ, իսկ հետո են սկսում հասկանալ՝ ինչպես գործնականում կիրառել իրենց մասնագիտությունը։


Վարչապետի խոսքով՝ բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական վկայականն ինքնին պետք է հավաստիացնի, որ տվյալ անձը առնվազն ունի կրտսեր մասնագետի հմտություններ, և գործատուի մոտ կասկած չի առաջանա՝ արդյոք նա պատրաստ է աշխատանքին, թե ոչ։


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ այսօր շատ մասնավոր ընկերություններ ստիպված են ստեղծել սեփական ուսուցման կենտրոններ՝ լրացնելու բարձրագույն կրթության բացերը։ Նա ընդգծեց, որ պետությունն այժմ աշխատում է համագործակցության նոր ձևաչափերի վրա, որտեղ մասնավոր հատվածի մասնագետները կներգրավվեն ուսումնական գործընթացին՝ փոխանցելով գործնական փորձը։


Ըստ նախարարի՝ կրթական ծրագրերը կձևավորվեն համատեղ, որպեսզի ուսանողները հենց այն հմտությունները ստանան, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում՝ նվազեցնելով վերապատրաստման անհրաժեշտությունը առաջին աշխատանքային փուլում։


 

Թեմայի այլ նորություններ