8.07.2025

Միքայել Աջապահյանի խիստ արձագանքը վարչապետին՝ «Չեմ սատարել գոյություն չունեցողին»

Կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր փաստաբանական խմբի միջոցով պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը՝ հայտարարելով, որ իր դեմ իրականացվող հետապնդումը ապօրինի է, իսկ մեղադրանքները՝ զրպարտություն։


Միքայել Աջապահյանի փաստաբանական թիմի տարածած հայտարարության մեջ արքեպիսկոպոսը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը՝ այն անվանելով հերթական սուտ և զրպարտչական հարձակում իր, Վեհափառի և Բագրատ սրբազանի հասցեին։


Նրա խոսքով՝ ոչ ինքն, ոչ էլ Վեհափառ Հայրապետը չեն կարող սատարել մի բան, որը գոյություն չունի։ «Բագրատ սրբազանը երբեք ահաբեկչական խմբավորում չի ստեղծել, հետևաբար ես չեմ կարող սատարել կամ մասնակցել մի բանի, որը գոյություն չունի, և նույնը վերաբերում է Վեհափառ Հայրապետին», – նշված է հայտարարության մեջ։


Աջապահյանը եզրափակել է իր ուղերձը հեգնական, բայց ուղիղ տողով՝ ուղղված վարչապետին. «Հասկացա՞ր, այ ...», ակնհայտորեն մատնանշելով, որ գործող իշխանությունների մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլև քաղաքական ենթատեքստով են թելադրված։


Ավելի վաղ Հայ Առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Բագրատ սրբազանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը՝ այն անվանելով ապօրինի։ Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանը գտնում է ձերբակալությունները անօրինական, ապա նա կիսում է «ռազմական հեղաշրջման գաղափարախոսությունն ու երկրի մեջ քաոս առաջացնելու պլանները»։ Փաշինյանը նաև հավելել է, որ Վաղարշապատի տարածքը չի կարող փակ լինել իրավապահների համար, հատկապես եթե այդ տարածքը, ըստ նրա, «փակ չէ շնության համար»։


Հունիսի 26-ին Քննչական կոմիտեն հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման 15 ղեկավարների և մասնակիցների երկամսյա կալանավորման մասին։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչություն կազմակերպելու և իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով։ Կալանավորվածների թվում են շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը, ևս երկու հոգևորական, Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը, պահեստազորի գնդապետ Միգրան Մախսուդյանը և Դաշնակցություն կուսակցության անդամ Իգոր Սարգսյանը։ Հետագայում ձերբակալվածների թիվը հասավ 16-ի։


 

Թեմայի այլ նորություններ