4.07.2025

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։


ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում իրականացվում է առանց համապատասխան թույլտվության ընդերքօգտագործման գործունեություն։ Վարչության ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվել են. Տեղ համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունն առանց ընդերքօգտագործման թույլտվության իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։


«Հանքարդյունահանման իրական ծավալները պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ տվյալ տարածքից տեղահանվել է շուրջ 6.8 խորանարդ մետր ծավալով հրաբխային խարամանման լեռնային զանգված և մոտ 65.5 խորանարդ մետր ծավալով բազալտանման լեռնային զանգված։ Ծավալված այս գործունեության հետևանքով դեգրադացվել է 6.210 քառակուսի մետր մակերեսով տարածք:


Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս։


Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ: Արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:


Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կազմված նյութերի հիմքով, առերևույթ հանցագործության հատկանիշներով, հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։


ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ ընդերքի կամ բնական պաշարների օգտագործումից՝ առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի»,- ասվում է հաղորդագրությունում:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 

Թեմայի այլ նորություններ