Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է քաղաքացիներին պաշտպանելու նոր միջոցների մասին, որոնց անձնական տվյալների հիման վրա կիբեռհանցագործները խաբեությամբ վարկեր են ձևակերպել նրանց անունով։
Հարցի լուծման նպատակով համագործակցություն է իրականացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի և Կենտրոնական բանկի հետ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ մինչև քրեական գործի ավարտը, նման դեպքերում քաղաքացիների վարկային պարտավորությունները կսառեցվեն՝ պայմանագրային հիմքով, և այդ ընթացքում վարկերի տոկոսներ չեն հաշվարկվի։ Բացի այդ, մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը կուտակված տույժերը և տոկոսները կզրոյացվեն, իսկ ժամկետանցումները կվերացվեն։ Նման դեպքերում քաղաքացիները չեն հայտնվի վարկային «սև ցուցակներում»։
Նախարարությունը հայտնել է նաև, որ 2025 թվականի մարտից սկսած նկատվում է նման հանցագործությունների զգալի նվազում․ եթե մարտին արձանագրվել էր 85 դեպք, ապա ապրիլին՝ 52, իսկ մայիսից մինչ օրս՝ 22։ Այս դրական միտումը, ըստ նախարարության, արդյունք է իրավապահ մարմինների և ֆինանսական կառույցների կողմից իրականացվող համակարգված կանխարգելիչ աշխատանքի։
Քաղաքացիներին հորդորում են չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր անծանոթներին, չանցնել կասկածելի հղումներով և չվստահել կեղծ հեռախոսազանգերին կամ սոցիալական էջերին։ Կասկածելի դեպքերում առաջարկվում է անմիջապես կապ հաստատել համապատասխան բանկի հետ։