22.05.2025

Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ գրասենյակ

Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել այն մասին, թե իբր Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային մեխանիզմների շրջանակներում չի ներկայացնում Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում առկա համակարգային խնդիրները: Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը: 

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում առկա համակարգային խնդիրներն ու մտահոգությունները միջազգային գործընկերների հետ քննարկման առարկա է դարձնում միջազգային տարբեր ընթացակարգերի շրջանակում։

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում առկա համակարգային խնդիրներն ու մտահոգությունները ներկայացրել է ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի տարբեր կառուցակարգերի շրջանակում, այնպես էլ միջազգային գործընկերների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների ու քննարկումների ընթացքում։

Վատ վերաբերմունքին առնչվող խնդիրները Պաշտպանի կողմից բոլորովին վերջերս ներկայացվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի (The United Nations Committee against Torture) 82-րդ նստաշրջանի շրջանակներում։
Մասնավորապես, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին է ներկայացվել այլընտրանքային զեկույց, որն, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարում վատ վերաբերմունքի կանխարգելման ու խոշտանգումների արգելքին վերաբերող համակարգային հարցերի, այդ թվում՝ հավաքների ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման՝ տարիներ շարունակ առկա խնդրին ու դրա լուծմանը համակարգային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությանը, ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների չապահովմանը, խոշտանգման դեպքերի քննության արդյունավետության հետ կապված խնդիրներին և այլն: Այլընտրանքային զեկույցը, ինչպես Պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցները ներկայացված են հրապարակային ձևաչափով: Ավելին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ մանրամասն ներկայացվել են ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի անդամների հետ խորհրդապահական հանդիպման ընթացքում, որտեղ Պաշտպանն անդրադարձել է ինչպես համակարգային խնդիրների, այնպես էլ կոնկրետ դեպքերի խնդրահարույց ասպեկտներին:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ակտիվորեն ներգրավված է երկրում մարդու իրավունքների խնդիրները բարձրաձայնելու՝ միջազգային իրավական հասանելի տարբեր ընթացակարգերում, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր կառուցակարգերի շրջանակում զեկույցներ ներկայացնելու միջոցով, որոնք ոչ թե միմյանց բացառող, այլ փոխլրացնող են։ Ավելին, ՄԱԿ ընթացակարգերի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր հրապարակային տեղեկատվություն հասանելի է ՄԱԿ այլ մեխանիզմների համար: Բացի այդ, Պաշտպանն անընդհատ է հաղորդակցություն վարում միջազգային գործընկերների հետ և մշտապես ներկայացնում Հայաստանում առկա համակարգային խնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ընդգծում է խոշտանգումների դեմ պայքարի ներպետական երաշխիքների ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը և վերահաստատում է հաստատության հանձնառությունը Հայաստանում մարդու արժանապատվության հարգումն ու խոշտանգումների բացարձակ արգելքն ապահովելու համատեքստում։


ՄԻՊ աշխատակազմ

Թեմայի այլ նորություններ