16.05.2025

Կոնյակի ճանապարհը փակուղում. նախարար Պապոյանը Վրաստան է մեկնում լուծում փնտրելու

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ իրեն անհասկանալի է՝ ինչու են վրացական իշխանությունները շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով կանգնեցնում հայկական բեռնատարները:


«Անկեղծ ասած՝ պատճառներն այս պահի դրությամբ մեզ անհայտ են։ Մենք փորձում ենք խնդիրը լուծել բոլոր հնարավոր մակարդակներով», – նշել է նախարարը:


Նա նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է մեկնել Վրաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և լուծման ուղիներ գտնելու նպատակով:


Հիշեցնենք, որ օրեր առաջ կոնյակ արտադրող և բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց՝ բարձրաձայնելով հարցը, թե ինչու են Հայաստանից Ռուսաստան արտահանվող ալկոհոլային խմիչքները վրացական տարածքով անցնելիս ենթարկվում մանրամասն ստուգումների, եթե չեն սպառվելու վրացական շուկայում:


Ցուցարարների խոսքով՝ կոնյակով բեռնված մեքենաները կանգնեցվում են Վրաստանի Գեզի մաքսային տերմինալում, որը սովորաբար նախատեսված է բարձր վտանգավորության բեռների ստուգման համար:


Մինչ այս պահը վրացական կողմը որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել՝ կապված այն հարցի հետ, թե ինչու են հայ արտադրողները բախվում նման խոչընդոտների հենց Վրաստանի մաքսային տարածքում:


Բողոքի ակցիայի երկու մասնակից, հանդիպելով Վրաստանի դեսպանի հետ, փոխանցել էին, որ վերջինս հայտնել է՝ խնդրի մասին տեղեկացել է նոր միայն, չնայած թեման արդեն մի քանի օր է ակտիվորեն քննարկվում է ինչպես մամուլում, այնպես էլ խորհրդարանում:

Թեմայի այլ նորություններ