Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ռուս սահմանապահների տեղակայման մասին

Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին առկա սրացման մասին, աշխատում են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարկ է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը:


«Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում է տեղի ունեցել: Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքները շարունակվում են», - ասել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք պատրաստ է Մոսկվան Հայաստանի սահմանը վերցնել իր պաշտպանության տակ և չի վախենում, որ դա կսրի հարաբերությունները Ադրբեջանի հետ:


«Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երեւանի ու Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք կատարումն ապահովելու համար», - ասել է Պեսկովը:


Ճշտող հարցին՝ պատրա՞ստ է Մոսկվան կատարել Փաշինյանի խնդրանքը , ՌԴ նախագահի խոսնակը կրկնել է.  «Երևանի հետ շփումները շարունակվում են»:


«Ես ավելացնելու բան չունեմ», -հավելել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ հուլիսի 28-ի գիշերը Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։


Հակառակորդը փորձել է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Ավելի ուշ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։


Այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարվել է հայկական կողմից երեք զոհի ու 5 վիրավորի մասին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91425