Գերմանիայի ԱԳ նախարար. Գերմանական զորախմբի դուրսբերումը Թուրքիայից այլընտրանք չունի

Գերմանացի և թուրք դիվանագետները չեն կարողացել համաձայնության գալ «Ինջիրլիք» ավիաբազայի հարցում: Այդ մասին Անկարայում հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ավարտին:

Գաբրիելը Անկարա էր ժամանել հունիսի 5-ին ավիաբազայի շուրջ ծագած տարաձայնությունները հարթելու վերջին փորձը նախաձեռնելով, սակայն նրա առաքելությունը հաջող ավարտ չունեցավ:

«Իմ թուրք պաշտոնակիցն ասաց, որ ներկա իրավիճակում Անկարան չի կարող հավանություն տալ գերմանացի պատգամավորների այցերին «Ինջիրլիք», ինչ բնույթի էլ լինեն այցերը, ելնելով ներքաղաքական նկատառումներից»,- ասել է Գաբրիելը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:

Ուստի, ըստ գերմանացի նախարարի, Բեռլինն «այլ ելք չունի» և պետք է դուրս բերի զորամասը թուրքական ռազմակայանից: «Խնդրում եմ հասկանալ, որ մենք, կրկին ներքաղաքական նկատառումներից ելնելով, ստիպված կլինենք հեռանալ «Ինջիրլիքից», քանի որ մեր պատգամավորներն իրավունք ունեն ցանկացած պահի այցելելու բունդեսվերի ցանկացած զորամաս»:

Ըստ Գաբրիելի, վերջնական որոշումը պետք է կայացվի Բունդեսթագում քվեարկության արդյունքում: Զորքերի դուրս բերման գործընթացը կարող է մեկնարկել «այս կամ հաջորդ շաբաթվանից»:

Այժմ «Ինջիրլիքում» կա 260 գերմանացի զինվորական, Panavia Tornado 6 մարտական ինքնաթիռ և Airbus A310-ի բազայով 1 լիցքավորող ինքնաթիռ, հայտնում է ՌԲԿ-ն:

Գաբրիելը պետք է հանդիպեր նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, սակայն հանդիպումը չեղարկվեց թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ին, որ չի թույլատրի գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Դրան հաջորդեց կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան կշարունակի այլընտրանք որոնել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/19000