ՕՐՕ դաշինքը Ջրառատի դեպքերի մասին. ՀՀԿ-ը փորձում է վախի մթնոլորտ տարածել

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել Ջրառատի դեպքերի կապակցությամբ և կատարվածը որակել ընտրություններից առաջ քաղաքցիներին վախի մթնոլորտում պահելու փորձ:


Ինչպես նշվում է ՕՐՕ դաշինքի մամուլի հաղորդագրությունում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 12-ին ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի ակտիվ մասնակցությամբ, հրազենի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ: Հնչել են կրակոցներ: «Ակտիվիստների ջանքերով կրակողը՝ Լեռնիկ Երանոսյանը վնասազերծվել է: Միջադեպից հետո բերման են ենթարկվել բացառապես դաշինքի կողմնակիցները: Ավելին, իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակի հետագա լարումը թույլ չտալու համար», - ասված է քաղաքական միավորի հայտարարության մեջ:


Արդյունքում, նշվում է հայտարարությունում մարտի 14-ին ՀՀԿ-ականները «հրոսակային հարձակում են գործել 16-ամյա պատանու վրա, նրան դաժան ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածքներ»: «Քիչ անց գյուղապետարանից անակնկալ հարձակման են ենթարկվել պատանուն օգնելու դուրս եկած նրա հարազատները: Այս անգամ նրանց դեմ կիրառվել է ինքնաձիգ, ընդ որում դեպքի վայրում ներկա են եղել նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք կրկին որեւէ քայլ չեն ձեռնարկել այս հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Հարձակման հետեւանքով հրազենային եւ այլ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել չորս հոգի, այդ թվում մեկ պատանի, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում», - նշվում է հայտարարության մեջ:


Միմյանց հաջորդող զինված միջադեպերի ընթացքը ՕՐՕ դաշինքը գնահատում է, որպես երկրում տիրող անպատժելիության արդյունքն, որը «հղի է անկանխատեսելի քաղաքական հետեւանքներով»: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խստորեն դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունները եւ իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ: Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը, նշվում է հայտարարության մեջ, կընկնի կառավարող կուսակցության՝ ՀՀԿ-ի վրա, որը «փորձ է անում վախի մթնոլորտում պահել ՀՀ քաղաքացիներին` նպատակ հետապնդելով թույլ չտալ նրանց ազատ կամարտահայտությունը»:


Ջրառատ գյուղի միջադեպը դատապարտել են նաեւ իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդները՝ հիմնականում զերծ մնալով քաղաքական գնահատականներից: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կոչ է արել կատարվածը չկապել հանրապետական կուսակցության հետ եւ նման փորձերը որակել ՕՐՕ դաշինքի ռեյտինգի բարձրացման խաղ, որին հանրապետականը, նրա խոսքով չի մասնակցելու: Կատարվածը դատապարտել է նաեւ վարչապետ Կարեն կարապետյանը, ով նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է, որ "սա անթույլատրելի բան է": «Սա անթույլատրելի բան է: Զենքով մարդը կենցաղում վտանգ է ներկայացնում: Այդ իսկ պատճառով մենք շատ հետեւողական պետք է լինենք, որ բոլոր հանգամանքները պարզվեն», - ասել է նա:



ՀՀ Քննչական կոմիտում Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ ՔԿ-ից հաստատում են, որ միջադեպի հետևանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15997