Ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե. Լեւոն Քոչարյան

Ես գտնում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է եւ բնականաբար այն, ինչ հայրս է ասում, մեր պաշտպաններն են ասում, բոլորս համամիտ ենք, այդ ամեն ինչը տեսնում ենք, բազում փաստեր են եղել, որոնք ապացուցել են մեր տեսակետը: Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:


Այսօր սկսել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով նախնական դատական նիստը:


Լրագրողի հարցին, թե որո՞նք են այդ փաստերը, որոնցով ենթադրում են, որ անձնական վրեժխնդրություն է իրականացվում, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Ուզես-չուզես կալանքը պետք է տաս (ի նկատի ունի հայտնի գաղտնալսման հրապարակումը - խմբ), ինձ թվում է սա է ամենաբանը»։


Լեւոն Քոչարյանը նշեց, որ անկեղծ հույս ունի ու շատ ուրախ կլինի, եթե բաց արդար դատավարություն լինի: Նա ասաց, թե ակնկալում են, որ խափանման միջոցը կվերացնեն առնվազն: «1 տարվա մեջ գնացել գտել են միայն Սիլվայի հետ կապված ինչ-որ անհեթեթ բաներ, որոնց հետ նույնիսկ դատարանը չի համաձայնվում»,- ասաց Քոչարյանը:


Անդրադառնալով հարցին, թե որտեղի՞ց իրեն այդքան գումար «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու համար, Քոչարյանը պատասխանեց. «2008-ից սկսած ես զբաղվում եմ Հայաստանում բիզնեսով: Եղբայրս ավելի շուտ է սկսել զբաղվել: Եթե կգտնեն, որ ինչ-որ բան սխալ է, ամեն ինչի համար պատրաստ եմ պատասխան տալ: Ես միլիարդատեր չեմ: Միլիոնատեր՝ միգուցե, եթե ինչ-որ ակտիվների արժեքներ հաշվի առնես»:


Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասով ցուցմունքներ կան, որ 2008-ի Մարտի 1-ին դիպուկահարներ են գործել, Լեւոն Քոչարյանն ասաց, որ տեղյակ չի դրա մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46697