Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին:
Ինչպես հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը:
«Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Վալադաոն: Նա ընդգծել է, որ եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենքով արգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը:
Կոնգրեսականների նամակում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող դերակատարում ունենալ տարածաշրջանում, հարձակում է գործում հայերի դեմ՝ նրանց իսկ հայրենիքում, ինչպես նաև տապալում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»,- նշվում է նամակի եզրափակիչ հատվածում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87778