Իլհամ Ալիևի ելույթները վտանգում են տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղությունը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության ապացույցներ, հայտնում են ԻՊ-ի մամուլի ծառայությունից:


«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։


Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:


Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:


Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:


Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:


Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:


Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:


Արման Թաթոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը։ Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջև խաղաղությունը։


Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», - ասված է հաղորդագրության մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86819