ԱԳՆ-ն ճանապարհների ապաշրջափակման մասին. դրան հասնելու համար անհրաժեշտ է փոխվստահություն

Հայաստանը, դառնալով ս. թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մասը, պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական և հաղորդակցության ներուժի փոխշահավետ համատեղ օգտագործման ուղղությամբ, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է փոխվստահություն:


Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փակ քննարկումների մեկնարկից առաջ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։


Նրա խոսքով, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության բազմաթիվ հուշարձանների պահպանումը պետք է դառնա բանակցությունների գործընթացի կարեւոր բաղադրիչ: Սակայն, շարունակեց նա, միջազգային կառույցների բոլոր ջանքերն այդ ուղղությամբ բախվում են ադրբեջանական կողմի դիմադրությանը։ Ադրբեջանը թույլ չի տալիս միջազգային կառույցների, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին մուտք գործել տարածաշրջան, հայտնել է Այվազյանը։


Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության յուրացումը կամ աղավաղումը, հայերի իրավունքների ներկայիս ոտնահարումը չի կարող նպաստել մեր տարածաշրջանում ավելի լավ ապագայի ստեղծմանը: Այս տեսանկյունից մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանության ապահովումը կարող է հաշտեցման հիմքեր ստեղծել։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79603