Սահմանային լարվածությունը պահպանվում է. Նաիրա Զոհրաբյանը խոսել է գեներալ Խաչատուրովի հետ

Քիչ առաջ խոսեցի ՀՀ Պաշտպանության բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Խաչատուրովի հետ, որի, ինչպես նաեւ մեր զինվորների ջանքերով երեկվանից հետ են մղվում ադրբեջանական սադրիչ գործեղությունները ու հայկական դիրքի հրետակոծումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Գեներալը նշեց, որ չնայած պահպանվող սահմանային լարվածությանը, մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:


Սիրելիներս, շնորհակալություն հայտնենք նաև սահմանամերձ Մովսես գյուղի հոգևոր հովիվ տեր Աբելին, երբ գիշերվանից պարբերաբար տեղեկություն էր տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ, կատարելով այն ինստիտուտների ֆունկցիան, ովքեր վստահաբար կիրակնօրյա խումարի մեջ էին ու դժվար պատկերացնեին, թե ինչ է զգում զինվորի ծնողը, երբ չգիտի՝ ինչ է կատարվում իր որդու հետ։

Մի բան էլ, սիրելի հայրենակիցներ, քանի որ մեր քաջարի ԱԱԾ-ն արտաքին ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է ներքին թշնամիների ու սատանաների տքնաջան փնտրտուքով, զբաղված է մեր անձնական օգտահաշիվներն ու հեռախոսային խոսակցությունները քրքրելով, տեղեկացնեմ, որ երեկվանից ադրբեջանցիները կոտրել են հայկական մի շարք պրոֆիլներ և դրանով սահմանային այս էսկալացիայի հետ կապված սադրիչ և խուճապ աաջացնող ապատեղեկատվություններ են տարածում: Այդ տեղեկությունները սուտ են և պետք չէ դրանց որևէ կերպ արձագանքել:


Ուժ և կորով մեր զինվորներն ու սպաներին եւ համբերություն զինվորների ծնողներին»,- գրել է պատգամավորը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իրավիճակը լարված է եղել ողջ երեկո, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։


Հայկական կողմը բարեբախտաբար կորուստներ չունի:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69356