Անկարայի կողմնակալ և ապակառուցողական դիրքորոշման հերթական օրինակ. Արցախի ԱԳՆ արձագանքը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաթարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։


Ի պատասխան այս հայտարարության, Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ նշելով, որ սա Անկարայի կողմնակալ և ապակառուցողական դիրքորոշման հերթական օրինակն է:


«Այս հարցում Թուրքիայի կարծիքը լիովին համընկնում է Ադրբեջանի տեսակետի հետ: Անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և հանդես գալով հայտարարություններով, որոնք խաթարում են միջազգային միջնորդների ջանքերը՝ թուրքական կողմը լուրջ վնաս է հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։


Անկարայի մոտեցումներն ակնհայտ կերպով հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը, որոնք միջազգային հանրության կողմից օժտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատով։


Արցախի Հանրապետությունում 2012 և 2015 թվականների ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունում են «անհրաժեշտությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները ձգտում են ժողովրդավարական ընթացակարգերով կազմակերպել իրենց ժողովրդի հանրային կյանքը», ինչպես նաև ճանաչել են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագան որոշելու հարցում»:


Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցության բացարձակ աննպատակահարմարությունը»,- ասված է մեկնաբանության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63458