Մամուլ. Մրցակցություն համաճարակի օրերին. ամենաակտիվ պատգամավոր դառնալը հոգնեցրել է բոլորին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Իմ Քայլի», «Լուսավոր Հայաստանի» եւ նույնիսկ ԲՀԿ-ական պատգամավորները խիստ վրդովված են ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Միքայել Մելքումյանի՝ այսօր մեկնարկած խորհրդարանի նիստի ընթացքում դրսեւորած պահվածքից: Պատգամավորները կարծում են, որ նշված երկու գործընկերների մրցավազքի պատճառով այսօր մեկնարկած քառօրյա նիստը արհեստականորեն ձգձգվել է: Մինչդեռ նախապես իշխող թիմում ներքին որոշում էին ընդունել՝ իրավիճակով պայմանավորված հապշտապ ավարտել ԱԺ աշխատանքները, հատկապես, որ օրակարգում մեծամասամբ առաջինից երկրորդ ընթերցման ներկայացված նախագծեր են: Սակայն մեզ ասացին, որ Սերգեյ Բագրատյանն ու Միքայել Մմելքումյանը տեւական ժամանակ է իրար հետ մրցում են՝ parliamentmontoring-ի ամենաակտիվ պատգամավորի տիտղոսակիր դառնալու հարցում: Նրանց կուսակիցները կփաստեն, որ ցանկացած նախագծի ժամանակ երկուսից մեկը եթե գրանցվում է հարց տալու կամ ելույթ ունենալու համար, անմիջապես հետ չի մնում նաեւ երկրորդը: Փաստորեն, անգամ այս վտանգավոր իրավիճակում պատգամավորները չեն պատրաստվում դադարեցնել մրցությունը: Մենք տեղեկացանք, որ «Իմ Քայլից» անգամ նախատել են ԲՀԿ-ականներին՝ հորդորելով զսպել իրենց կուսակիցների ամբիցիաները: Ընդ որում Մելքումյանի զգուշավորության մասին արդեն բոլորն են խոսում, նա այն բացառիկ պատգամավորներից է, ով ԱԺ նիստերին է հաճախում դիմակով եւ ձեռնոցներով, ավելին,նա կարող է այնքան սպասել դահլիճի դռան դիմաց, մինչեւ մեկ ուրիշը կգա եւ կբացի դուռը, միայն, թե ինքը չհպվի»:


«Իրավունք» թերթը գրում է. «Արտակարգ դրությունը՝ իր ողջ լրջությամբ, կարծես թե վերաբերում է միայն ԶԼՄ-ներին, պարետապետ-փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը սովորաբար կեսգիշերային ֆեյսբուքյան ուղիղ եթերով փորձում է խուճապահարել հանրությանն ու կրկին և կրկին զգոնության կոչ անել։ Մինչդեռ Ազգային ժողովը կարծես ապրում է լրիվ ուրիշ մոլորակում։ Երեկ խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեծամասամբ առանց դիմակների էին։ Ավելին՝ հատուկենտ օրենսդիրները, որոնք դահլիճ էին գալիս դիմակներով, արժանանում էին մյուսների քմծիծաղին։ Հումորն ու ուրախությունը փոխանցվում էր նաև խորհրդարանական միջանցք։ Օրինակ՝ իմքայլական Հայկ Կոնջորյանը գործընկերներին հորդորում էր «խնդալուց իրենից մի քիչ հեռու խնդալ»։ Պակաս ուշագրավ չէր նաև պատկերը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, որոնք թեպետ ԱԺ ամբիոնից ելույթներ էին ունեցել և նշել, որ օրենսդիրը այս օրերին պետք է աշխատի իր բնականոն ռիթմով, սակայն ամբողջ օրը նիստերի դահլիճում, որպես «դիժուրնի» ներկա էր մեկ կամ երկու պատգամավոր»:


«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ՝ դեռ չչեղարկված սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին, Նիկոլ Փաշինյանը, խոսելով «նախկին ռեժիմի» ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու մասին, հրապարակավ անուններ հնչեցրեց եւ հավելեց, որ «ինքնակամ պետությունից թալանածը բերեն, հետ վերադարձնեն պետական գանձարան»։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ համապատասխան կառույցները հերթականությամբ ուսումնասիրում եւ «գույքագրում» են տարբեր անձանց ունեցվածքը. մենք տեղեկություններ ունենք, որ այդ «կարգավորումներն» իշխանություններն իրականացնելու են ապօրինի գույքի ձեռքբերման մասին վերջերս ընդունած օրենքի շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ կազմում են «նախկինների» ցուցակ, յուրատեսակ «հերթագրում» են կատարում՝ ում մասին երբ հայտարարելու, ինչ պարբերականությամբ հայտարարելու համար: Իսկ ի՞նչ սկզբունքով են «հերթագրելու», հարցրինք իշխանական մեր զրուցակցին: «Հաստատ՝ ոչ այբբենական կարգով»,-կեսլուրջ-կեսկատակ ասաց նա»:


«Հայաստանի Հանրապատություն» թերթը գրում է. «12 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ են մասնակցելու մարտի 31-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ասել է թե` պատգամավորական մանդատների համար առաջին անգամ համամասնական ցուցակներով պայքարելու են մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, որոնցից առայժմ չորս կուսակցություն է ներկայացված գործող Ազգային ժողովում: Արտախորհրդարանական (այդ թվում` ընդդիմադիր դաշտից) մի քանիսն իրենց գործունեությամբ հանրության շրջանում լայն ճանաչում ունեցող կուսակցություններ են, որոշներն էլ կայացման ճանապարհին են, փորձում են ընտրողների վստահությանն արժանանալ և մյուս պատգամավորների հետ նոր խորհրդարանի մաս կազմել: Հաշված օրեր են մնում քարոզարշավի ավարտին: Եվ, բնականաբար, քաղաքական ուժերի միջև պայքարն ավելի է թեժանում: Իսկ ինչպես կուսակցությունների կողմից համամասնական կարգով ներկայացված ընտրացուցակներն են փաստում, քաղաքական որոշ ուժեր մեծ ակնկալիքներ ունեն: Այդ մասին է վկայում նրանց «անսահմանափակ» կազմը»:


«Փաստ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ: Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է զինծառայողներին եւ օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապակենտրոնացնելու եւ անմիջականորեն զինծառայողի ծառայության վայրի զորամասի կողմից գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: Ինչի՞ մասին է խոսքը: Կառավարության 2018թ.-ի նոյեմբերի 23-ի N 1321-Ն որոշման համաձայն՝ զինծառայողներին եւ օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրամադրումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում է եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում է վարչական ակտ (հրաման): Նշված գործընթացն իրականացվում է զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետեւ ուղարկվում են հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում է հանձնաժողովի նիստի անցկացումը:


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է, փորձը ցույց է տվել, որ շահառուի դիմումից մինչեւ համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տեւում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն՝ հաշվի առնելով զորամասերի տեղակայումները, շահառուն ստիպված է լինում մի քանի ամիս իր միջոցների հաշվին վճարել բնակվարձը, ինչն էլ հանգեցնում է զինծառայողների շրջանում արդարացի դժգոհությունների: Այս առումով գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կընձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը եւ փաստաթղթաշրջանառության ծավալները: Նախարարությունն ընդգծում է՝ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական եւ զինծառայողների շահերից բխող գործընթացը: Այսպիսով՝ որոշման նախագծի համաձայն ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացումը վերապահվում է զորամասի հրամանատարին, կրճատվում է փոխհատուցում ստանալու համար զինծառայողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվում են փոխհատուցման հաշվարկման փաստաթղթավորման ընթացակարգը եւ ժամկետները, փոխհատուցման վճարման շարունակման եւ դադարման պայմանները: Միեւնույն ժամանակ պաշտպանության նախարարությունը նշում է, որ այս նախագծի ընդունման պարագայում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա, դրա ընդունումը 2020թ.-ի եւ հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Քանի որ արտակարգ դրությունը Հայաստանում շարունակվելու է մինչեւ ապրիլի 14-ը, ուստի երկարաժամկետ ընթացքով պայմանավորված տանն ինքնամեկուսացումը կարող է նաեւ սթրեսային գործոն պարունակել: Այս պարագայում սննդաբանները խորհուրդ են տալիս շեշտադրում անել ոչ միայն գիրացման գործոնի նվազեցման, այլեւ դիմադրողականության բարձրացման, սթրեսի հաղթահարման եւ առողջ ապրելակերպի պահպանման վրա: Ինչպե՞ս տան պայմաններում ճիշտ կազմակերպել առօրյան, ինչպես ճիշտ սնվել եւ հեշտությամբ հաղթահարել սթրեսը՝ միաժամանակ բարձր պահելով դիմադրողականությունը: Այս առթիվ «ՀՀ»-ի հետ զրույցում իր դիտարկումներն է անում ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: Ըստ նրա, կան հստակ հետազոտություններ, որոնք փաստում են, որ նմանատիպ ռեժիմներում տանը մնալու պայմաններում սթրեսը հանգեցնում է ավելորդ քաղցի առաջացման, մանավանդ երբ մարդը տանն է եւ մոտ լինելով սառնարանին, պահեստավորված սննդին՝ կարող է անընդհատ պատեհ եւ անպատեհ սնվելու ցանկություն ունենալ: Դարձյալ նույն հետազոտություններից ելնելով, սննդաբանը հավելում է՝ բնականաբար, այդ ընթացքում ընդունած սնունդը սովորաբար օգտակար ներգործություն չի կարող թողնել օրգանիզմի վրա»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով մարտի 13-ից փակվեցին ուսումնական հաստատությունները։ Ստեղծված իրավիճակում հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործարկեց «heravar.armedu.am» հեռավար կրթության հարթակը։ Այստեղ տեղադրված են տեղադրված մի շարք առցանց ռեսուրսներ եւ գործիքներ հեռավար կրթությունն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Հարթակը մշակվել է նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության եւ հեռավար ուսուցման բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այն ուսուցիչների համար, որոնք կարիք ունեն բարելավելու հեռավար կրթության հմտությունները, մարտի 20-ից մեկնարկել է երկշաբաթյա հեռավար դասընթաց։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու «Moodle» համակարգում աշխատելու հմտություններ, որի օգնությամբ կկարողանան ստեղծել եւ վարել հեռավար դասընթացներ. «Այն, ինչ մշտապես արել ենք տարիներ շարունակ, այս փուլում իրականացնում ենք ավելի արագացված տեմպերով։ Դիմողները շատ-շատ են»»։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63046