Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտողները կպատժվեն

Կառավարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, թե ինչ պատիժներ են սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար.


«Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարել է արտակարգ դրություն։ Հորդորում ենք անվերապահորեն ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման, ինչպես նաև դրա հիման վրա պարետի և իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշումների, իրավասու մարմինների կողմից տրված ցուցումների կատարումը։


Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ը պատասխանատվություն է սահմանում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար։


Մասնավորապես.


Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`


առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:


Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը`


առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:


Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը`


առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:


Արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`


առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:


Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62670