Մամուլ. Անակնկալները բացառված չեն. սպասվում է Հայկ Մարությանի հրաժարակա՞նը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստին անակնկալներ լինեն: Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում կատեգորիկ ասաց, որ չի մասնակցի նիստին։ «Եվ դա կլինի ավագանու պատմության մեջ առաջին դեպքը, որ ես չեմ մասնակցում նիստին․ արտակարգ իրավիճակի մասին օրենքն ասում է, որ ՏԻՄ-երի լիազորությունները եւս ժամանակավորապես սահմանափակվում կամ կասեցվում են, ու ինչպես վարչապետն է կոչ անում` ինքնամեկուսանալ, 100 հոգանոց այս նիստին ոչ մեկը չի կարող ապահովագրված լինել, ուստի չեմ գնա»: Իսկ իմքայլականները կգնա՞ն։ «Էս պահին իրենք ունեն կատարողականի քննարկում, պարտավոր կլինեն, որ գնան, որպեսզի հերթական անգամ ծափահարեն չարած աշխատանքը»: Համոզվա՞ծ եք։ «Գրեթե, բայց կարող եմ նաեւ կասկածել` զուտ այն պատճառով, որ «Իմ քայլն» անգամ անվիրուս ժամանակներում ամբողջ կազմով չէր մասնակցում նիստերին»: Հակառակ դեպքում` Մարությանի հրաժարակա՞ն։ «Չէ, նիստը 3 անգամ պետք է քվորում չունենա, որպեսզի հրաժարական լինի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ի վերջո՝ ո՞վ է նախարար եղած ժամանակ աշխատավարձից բացի ծրարով փող ստացել, ո՞ւմ նկատի ուներ վարչապետը ԱԺ-ում արած իր հայտարարությամբ: Հիշեցնենք` 2019-ի փետրվարին, արդարացնելով կառավարության անդամների ստացած պարգեւավճարները, Փաշինյանն ասել էր, թե բա լա՞վ էր, որ նախկինում նախարարները, աշխատավարձից բացի, ծրարով փող էին ստանում, հիմա պետական պաշտոնյաները պիտի բարձր վարձատրվեն հենց բյուջեից: Վերջերս ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի ու Էդմոն Մարուքյանի բերանով ԱԺ-ում փորձեց վարչապետից կորզել, թե ովքեր են այդ նախկինները, ում ծրարով փող են տվել, սակայն Փաշինյանը տարօրինակ պատասխան տվեց՝ ասելով, թե դրանց մեջ կան նախարարներ, «որոնք այսօր պատգամավոր են», բայց անուն չհնչեցրեց: Իսկ իշխանականներին չհաշված՝ 2 պատգամավոր կա, որոնք նախկինում նախարարի պաշտոն են զբաղեցրել՝ Մանե Թանդիլյանն ու ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը, երկուսն էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, առաջինը՝ Փաշինյանի կառավարությունում, երկրորդը՝ 2010 թվականին: Մանե Թանդիլյանի մասով Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե որեւէ տեղից նա կարող էր ծրարով փող ստանալ, իսկ Արթուր Գրիգորյանը չպատասխանեց մեր զանգերին»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյան բուքմեյքերական ընկերություններից մեկը խաղադրույք է ընդունում, թե ով կլինի Արցախի հաջորդ նախագահը։ Ըստ սահմանված գործակիցների՝ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանն է, նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը։ Այսպիսով՝ Արայիկ Հարությունյանի հաջորդ նախագահ դառնալու գործակիցը սահմանվել է 1.3, Մասիս Մայիլյանինը՝ 4.5, Վիտալի Բալասանյանինը՝ 8.5, Աշոտ Ղուլյանինը՝ 25, իսկ Վահան Բադասյանինը եւ Հայկ Խանումյանինը՝ 55 գործակից։ Մնացած թեկնածուների անունները բուքմեյքերական ընկերությունը հավանական հաղթողների թվում չի դասել։


«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի այն աշխատակիցներին և անգամ պատգամավորներին, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվել են արտասահմանում, արգելվել է ներկայանալ աշխատանքի: Խորհրդարանի ղեկավարությունը նրանց հորդորել է ինքնամեկուսանալ, մինչև կանցնի երկշաբաթյա ժամկետը, որից հետո նրանք վերադառնան աշխատանքային բնականոն ռիթմի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցած տարի հիմնադրված ավանդույթով, իշխանությունը 2020 թվականի բյուջեով ամրագրել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները աշխատավարձից բացի ամսական ամենաքիչը 30 տոկոսի չափով էլ պարգեւավճարներ են ստանալու: Երեկ տեղեկացանք, որ ապրիլ ամսվա պարգեւավճարները որոշել են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ֆոնդին: Դա արվում է հանրային դժգոհությունը մեղմելու համար։ Այս փուլում, երբ բոլորը տուժում են, պետական բյուջեից պարգեւավճարներ տալու ավանդույթը շարունակելը կարող էր հանրային բունտի պատճառ դառնալ։ Հիշեցնենք, որ ՍԴ եւ ՀՀ նախագահները՝ Հրայր Թովմասյանն ու Արմեն Սարգսյանը եւս ընթացիկ ամսվա աշխատավարձը որոշել են ուղղել այդ ֆոնդին, որտեղ երեկվա դրությամբ 45 միլիոն դրամից ավելի գումար է փոխանցվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստանյան բանկերն այս օրերին աշխատում են խիստ լարված ռեժիմով, սակայն՝ կազմակերպված»,- ասաց հայտնի բանկերից մեկի պատասխանատուն: Շա՞տ են հաճախորդները։ «Շատ-շատ, սակայն ծանրաբեռնվածությւոնը փորձել ենք վերաբաշխել տարբեր մասնաճյուղերի վրա. հաճախորդներից 2-3-ին ենք ներս թողնում, 1 մետր հեռավորությամբ»: Ի՞նչ գործարքներ են արվում հիմնականում։ «Բոլոր կարգի՝ վարկեր են մուծում, տոկոսներ, քարտեր են վերցնում եւ, իհարկե, ավանդներն են փորձում մասնակի հանել։ Մենք իրենց ասում ենք, որ բանկային կոլապս չկա, ձեր գումարները երաշխավորված են, սակայն աչքները սովետի ժամանակներից վախեցած է»: Ի դեպ, բանկային համակարգում խիստ դատապարտում են ՄՕԳ-ի հետ կապված պատմությունը՝ դա ամենաթանկարժեք ավտոմեքենաների վարկեր տվող կազմակերպություն է, որը հայտարարեց վարկային արձակուրդի մասին, ապա SMS-ներով կրկին հետողորմյա արեց «արձակուրդը»: Այդ վարկային կազմակերպության հետ կապված է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի անունը: Մեր հարցին ի պատասխան` ինչու է նման կազուս առաջացել, նա ասաց։ «Դա թյուրիմացություն է՝ չկա նման բան. տրամադրում ենք վարկային արձակուրդ` մեկ ամսով, թվերը չեմ կարող տրամադրել, կարող եք զանգել, ճշտել։ Ի դեպ, ՄՕԳ-ը ոչ թե իմն է, այլ ես այնտեղ ընդամենը տնօրեն եմ»: Հա՛մ վարչապետի խորհրդական եք, հա՛մ վարկային կազմակերպության տնօրե՞ն։ «Այո, հասարակական հիմունքներով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում արտակարգ ռեժիմի պատճառով գործունեությունը դադարեցրած կազմակերպությունների սեփականատերերը սպասում են, որ Հայաստանի իշխանությունները հարկային արտոնություններ կսահմանեն նրանց համար: Մասնավորապես՝ այդ ընկերությունները մի կողմից չեն ցանկանում աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին, բայց մյուս կողմից՝ ամսվա վերջին պետք է հաշվարկեն և վճարեն եկամտահարկ, սոցվճար և այլ հարկեր»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, պատգամավորական ու իրավաբանական գործունեությունը «հորով-մորով» արած, այժմ էլ որոշել է զբաղվել Հայաստան ներդրումներ բերելու եւ այն խթանելու գործով: Բանն այն է, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է ստեղծել ներդրումների խթանման հարցերով աշխատանքային խումբ, եւ այն ղեկավարելու է, ոչ ավել, ոչ պակաս, հենց իրավաբան-պատգամավորը:  «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները փոխանցում են, որ գրեթե բոլորի համար զարմանալի է եղել աշխատանքային խմբի ղեկավարի նշանակման հարցը, քանի որ ՀՀ-ում ներդրումների խթանման հարցը շատ լուրջ տնտեսագիտական հմտություններ է պահանջում: Ու այս կարեւոր աշխատանքային խումբը վստահելով Բաղասարյանին՝ արդեն իմքայլականների շրջանում խոսվում է այն մասին, որ այն լավ արդյունք չի ունենալու: Եվ նկատենք, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը Բաբկեն Թունյանն է, սակայն այս կարեւոր աշխատանքային խմբի ղեկավար է դառնում այս ոլորտից թերեւս հեռու անձ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հենց Բաղդասարյանից պարզել՝ ինչու են իրեն վստահել այս խմբի ղեկավարումը: «Վարչապետի առաջարկությունն է եղել, որ խորհրդարանում նման աշխատանքային խումբ ստեղծվեր: Հիմա պետք է կատարենք այնպիսի փոփոխություններ, որպեսզի արդյունքում պետությունը քիչ միջամտի բիզնես գործունեությանը»,- նշեց նա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Սակայն պարզվում է՝ մինչև 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչև այս տարվա փետրվարը գլխավոր հարկադիր կարող էր նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: Սակայն 2019 թվականին Արդարադատության նախարարությունը հարկադիր կատարման ծառայության ոլորտում առաջարկեց փոփոխություն անել և հանել գնդապետից ոչ ցածր կոչումի պարտադիր լինելը: Այժմ կարող է զբաղեցնել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն, կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Եվ արձանագրենք, որ Մեղրյանը չունի գնդապետի կոչում և միայն այս փոփոխության շնորհիվ կարողացավ դառնալ գլխավոր հարկադիր: Հիշեցնենք, որ Մեղրյանը եղել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, որը հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի և մյուս հրաժարականներից հետո: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երեք տարի ժամկետով»։


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, աշխարհում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական վիճակի առնչությամբ այս ժամանակահատվածում որոշակիորեն սահմանափակվելու է միջազգային բանկային կոորպորացիաների և սիստեմաների կողմից պետություններին տրվող վարկային միջոցների հոսքը, այդ թվում՝ նաև այն նախագծերի, որոնք գործնականում վավերացված են և կյանքի կոչվելու համար ամեն բան վաղուց նախատեսված էր։ Մեր տեղեկություններով, առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում հետխորհրդային տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար նախատեսված վարկային միջոցները ժամանակավորապես կկասեցվեն։ Խոսքը վերաբերում է տվյալ երկրների և Ասիական, ՎԶԵԲ-ի ու Համաշխարհային բանկի հետ նախատեսված վարկային  համաձայնագրերին։ Ըստ տեղեկությունների, դրանց շուրջ որոշակիություն կլինի ոչ շուտ, քան ամռան երկրորդ, երրորդ ամիսներին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նոր բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար մաքսային տեսուչին ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը, եւ այդ ճանապարհով անցել են պաշտոնեական լիազորությունները: ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե ով է առանցքային վարչության պետը: «Ժողովուրդ» օարթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանն է, որը հանրությանը առավել հայտնի դարձավ 2014 թվականին 1 տոննա հերոինի պատմությունով։ Նախ նշենք, որ 2014թ. հունվարի 17-ին հայտնաբերվել էր մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցը, իսկ, ահա, բացահայտումը արել է ներկայումս ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնված ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, որոնց նկատմամբ 2018-ի իշխանափոխությունից հետո տարբեր քրեական գործեր էին հարուցվել, մոտ երկու տարի է՝ գտնվում են ՌԴ տարածքում, ավելին՝ նրանցից ոմանք այնտեղ քաղաքական ապաստան են հայցել ու ստացել։ Այս առիթով ՀՀ իշխանություններն անհանգիստ են, ինչը չեն էլ թաքցնում, եւ հնարավոր դեպքերում իրենց դժգոհության մասին ակնարկում են իրենց ռուս գործընկերների մոտ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, երբ օրերս Մոսկվայում ձերբակալվեց, այնուհետեւ շատ կարճ ժամանակ անց ազատ արձակվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ՀՀ իշխանություններն այս փաստի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել ՌԴ իշխանության բարձրագույն շրջանակների հետ ունեցած հեռախոսազրույցներում։ Ի դեպ, ռուսական կողմի տված պատասխանը, թե ՌԴ իշխանությունները չեն խառնվում հատուկ ծառայությունների աշխատանքներին, մերոնց իրականում չի բավարարել, սակայն ոչ մի բովանդակային հակադարձում կամ փաստարկ չեն ներկայացրել։ Ուշագրավ է, որ ՀՀ իշխանություններին սատարող հասարակական սեկտորն ու սատելիտ խմբերն այս ամենը բնորոշում են մոտավորապես «ՌԴ իշխանությունների կողմից ՀՀ արդարադատության իրականացմանը ակնհայտ խոչընդոտում» ձեւակերպմամբ»:


«Փաստ» թերթը գրում է. «Եվ ուրեմն, պարզվեց, որ պատկան մարմինների՝ այս օրերին տեղեկատվական հոսքերի համակարգմամբ զբաղվող պատասխանատուներն էլ չկարողացան բացատրել, թե արտակարգ դրության մասին որոշման տեքստ կազմողներն ինչ են նկատի ունեցել մասնավորաբար «խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկություններ» հասկացության ներքո: Ստացվում է, որ երեք միլիոն քաղաքացիներից մեկը կարող է զանգել ոստիկանություն ու ասել, թե այսինչ ԶԼՄ-ի մի հոդվածի կամ այսինչ անհատի ֆեյսբուքյան գրառման այսինչ բառը իմ մոտ խուճապ է առաջացրել, ու իրավապահները բանուգործ թողած՝ գնալու են այդ մի քաղաքացու խուճապը վերացնելուն ուղղված գործողություննե՞ր կատարեն: Կամ՝ ընդհանրապես՝ ո՞վ եւ ի՞նչ չափանիշներով է որոշելու՝ այս կամ այն նյութը, ասենք՝ պատկան մարմինների գործողությունների քննադատությունը «խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությո՞ւն» է, թե՞ ոչ: Սակայն առավել տարօրինակ է, որ հենց պատկան մարմինները հաճախ չեն պահպանում նշյալ որոշման պահանջներն ու հատկապես «միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով» ձեւակերպումը, եթե նույնիսկ խոսքը որեւէ պաշտոնյանի կամ հենց վարչապետի մասին է: Հա, ինչ վերաբերում է վարչապետին: Թվում է՝ առաջին հերթին պաշտոնատար անձինք ու հատկապես վարչապետը պիտի օրինակ լինեն: Սակայն Փաշինյանի՝ խանութներով շրջելն ու առավել եւս մարդկանց հետ լուսանկարվելու խնդրանքը չմերժելը՝ չպահպանելով «սոցիալական հեռավորություն», ինքնին խոսուն է: Էլ չենք խոսում «մեր մեջ ասած» գրառման մասին, որի հետեւանքները բավական անկանխատեսելի են: Այնպես որ, երեւի ճիշտ կլինի պատասխանատու լինենք բոլորս: Թե չէ ստացվում է՝ արտակարգ դրությունը վերաբերում է մե՛կ սահմաններին, մե՛կ էլ... ԶԼՄ-ներին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Համայնքապետարանների ներկայացուցիչները ոստիկանության տեղական բաժինների աշխատակիցների հետ այցելում են հանդիսությունների և սգո սրահներ ու զգուշացնում, որ դրանց սեփականատերերը խստորեն կպատժվեն, եթե տեղեկություն ստացվի, որ նրանք խախտում են արտակարգ դրության ռեժիմի կանոնները և կազմակերպում միջոցառումներ, որոնց մասնակցում է 20 հոգուց ավելի մարդ: Այս հաստատությունների սեփականատերերին զգուշացնում են, որ թույլատրվելու է միայն հոգեհացի կազմակերպում, այն էլ՝ սրահը նախապես ախտահանելուց հետո, որը ևս պետք է ստուգվի համայնքապետարանի ներկայացուցչի կողմից»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հանքարդյունաբերությունը դեռ առաջատար դիրքեր է գրավում Հայաստանում: Մյուս կողմից էլ մեր հանրապետությունը հարուստ է բնական պաշարներով: Զարգացող երկրի համար այդ ռեսուրսների օգտագործումը կարեւոր է՝ սակայն նոր տեխնոլոգիաների եւ բնապահպանական նորմերի առաջնային պահպանությամբ: Դրանցից բացի անհրաժեշտ է, որ ապահովվի պղնձի արտադրության վերջնական ցիկլը, որի արդյունքում Հայաստանը հումք արտահանող երկրից կվերածվի արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի՝ իր բոլոր տնտեսական դրական հետեւանքներով: Ներկայում Հայաստանում իրենց զգացնել են տալիս դեռ խորհրդային տարիներից մնացած հանքարդյունաբերության բացասական հետեւանքները՝ լքված եւ ռեկուլտիվացիայի չենթարկված հանքերը, պոչամբարները եւ այլն: Հայաստանում ներկայում կա 21 պոչամբար, որոնք զբաղեցնում են 700 հեկտար տարածք եւ ունեն մի քանի մլն խմ վնասակար պարունակություններ: Այս խնդիրներից շատերի պատճառն առկա իրավական բացերն են: Նման բացերի լրացմանն է ուղղված ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մշակած նոր օրենսդրական փաթեթը»:


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62637