Հանրային մուլտիպլեքսային հեռարձակման մեջ չպետք է լինի արտասահմանյան հեռարձակող. Հակոբյան

Հանրային մուլտիպլեքսում ծրագրերի 50-70%-ը պետք է լինի հայերենով, մինչեւ 40%-ը՝ տեղական արտադրության: Սա կօգնի սահմանափակել անորակ կոնտենտը: Այս մասին ԱԺ-ում ընթացող «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:


Նա նշեց, որ հանրապետությունում մալուխային հեռարձակումն ընդգրկում է տնային տնտեսությունների 35-40%-ը և ինքը կարծում է, որ մալուխային ցանցերի գործունեության սկզբունքները պետք է փոխվեն, քանի որ դրանք անհեթեթ են ու դրանք անհնար է կարգավորել:


Նշենք, որ մասնավոր հեռուստաընկերությունները պարտավոր են հայերեն լեզվով ծրագրերով ապահովել եթերի 55%-ը: Դրանցից որոշները ֆիլմեր են ցուցադրում ռուսերենով: Քննարկումների փուլում գտնվող օրինագիծը ենթադրում է հայերենով եթերի նվազագույն շեմի ավելացում մինչև 65%: 


Հակոբյանի խոսքով, Հայաստանի այսօր մալուխային ցանցերում հեռարձակվում է մոտ 400 հեռուստաալիք, որից 339-ը՝ արտասահմանյան և միայն 58-ը՝ հայրենական: Սա, նրա խոսքով, չի ապահովում տեղեկատվական և լեզվի անվտանգությունը. «Կարծում եմ, որ մեր ցանցի 85 տոկոսը չեն կարող զբաղեցնել ծրագրերը, որոնք օտար լեզուներով են հեռարձակվում: Հանրային մուլտիպլեքսային հեռարձակման մեջ չպետք է լինի ոչ մի արտասահմանյան հեռարձակող: Օրինակ, «CNN»-ի, «Ռոսիա»-ի և ռուսական «Առաջին ալիք»-ի գործունեությունը չի կարգավորվում հայկական օրենսդրությամբ, ինչը որոշակի սպառնալիքներ է ստեղծում նաեւ ազգային անվտանգության համար»,- հավելեց Հակոբյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58589