Ղարաբաղը պետք է վերադարձնի հինգ շրջանները. Զատուլին

Ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել փոխզիջումների միջոցով: Այս մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:


«Այս հակամարտության լուծման հիմքում փոխզիջում կա: Նախևառաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն այսօր իրեն անվանում է Արցախի Հանրապետություն, ճանաչված չէ, բայց այն գոյություն ունի՝ այն ապրում է: Եվ հավաստիացնում եմ, որ ոչ մի գնով և երբեք Արցախը չի համաձայնի որևէ կերպ, թեկուզ ձևական վերադառնալ Ադրբեջանի կազմ»,- նշեկ է պատգամավորը:


Զատուլինը նշել է, որ անգամ այն ժամանակ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը՝ 1991-ին, երեք տարի արդեն հակամարտությունն ընթանում էր. «Ադրբեջանն արդեն լիովին չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը»,- հիշեցրել է  նա:


Զատուլինը նշել է, թե իր պատկերացմամբ որն է փոխզիջումը: Նախ, պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանից անկախ լինելու ցանկությունը, իսկ փոխարենը պետք է Ադրբեջանին հանձնվեն Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող այն շրջանները, որոնք այսօր գրավված են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության հայկական ուժերի կողմից. «Խոսքը յոթ շրջանների մասին է, բայց Ադրբեջանին պետք է վերադարձվի հինգը, քանի որ երկուսը այն շրջաններն են, որոնք կապ են ապահովում Հայաստանի հետ։ Դա է փոխզիջումը»,- ասաց նա։


Դրան, սակայն, խանգարում են որոշ ազգայնական շրջանակներ  թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, որոնց մի մասը գոռում է՝ ոչ մի բան չենք տա, մենք արյան գնով ենք հետ վերադարձերլ, իսկ մյուս կողմից գոռում են՝ միևնույնն է կվերադարձնենք՝ Ղարաբաղը մերն  է:


«Հենց այս պատճառով էլ թե՛ այնտեղ, թե՛ մյուս կողմում դանդաղ են դրան գնում: Բայց հակամարտությունը լուծել հնարավոր է փոխզիջման գնալով»,- հավելել է Կոնստանտին Զատուլինը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56056