Դա հեքիաթների ժանրից է. Գագիկ Հարությունյանը պնդում է՝ իրեն չեն ստիպել հեռանալ

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում հերքում է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։


Նպատակն, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե վեց տարի, այլ՝ մինչև 70 տարեկանը։


«Հասկանալու բարդություն չկա։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի [ՍԴ] նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ հատուկ ընթացակարգ։ Դա իմ իրավունքն է։ Կարող էի ես ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել», - ասաց Հարությունյանը:


«Ազատության» հարցին ի պատասխան՝ այսինքն, կարող էիք չսպասել՝ Ձեր 70-ամյակը լրանար, և ավելի շուտ հեռանալ այդ պաշտոնից, Գագիկ Հարությունյանն արձագանքել է. «Անշուշտ, դա մարդու իրավունքն է։ Նայեք Սահմանադրության 57 հոդվածը, և նաև դա իմ իրավունքն է։ Ես չեմ ընտրվել նախագահ, հետո դատարանի անդամ (ԲԴԽ), դրանք տարբեր իրավական ակտերով են եղել։ Ես վայր եմ դրել լիազորությունները ՍԴ նախագահի, մնացել եմ անդամ մինչև թոշակի ձևակերպումը»։


Լրագրողը կրկին հարցրել է՝ չեն ստիպել, որպեսզի այդ քայլին գնա, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ։


«Դա հեքիաթներ է, հեքիաթների ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»,- ասել է նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։


Այլ հարցերի Գագիկ Հարությունյանը չպատասխանեց։


Հիշեցնենք, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,  մի խումբ անձանց կողմից 2005 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրության համաձայն՝ 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումների խախտմամբ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու դիտավորությամբ, Գագիկ Հարությունյանի դիմումը փաստացի 2018 թվականի մարտի 5-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված լինելու պայմաններում, ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի աշխատակիցների միջոցով նշված դիմումում մտից դրոշմակնիքի վրա կեղծ տեղեկություններ գրառելով, ինչպես նաև «Մալբերի» էլեկտրոնային համակարգում դրա մուտքագրման ամսաթիվը 2018 թվականի մարտի 2-ը նշելով, խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը:


Այդ կերպ, Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54803