Համայնքի ղեկավար, ավագանու անդամ. ՀԱՍԱԿ-ը առաջադրում է իր թեկնածուներին ընտրություններին

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ:

Ի տարբերություն շատ նորաստեղծ կուսակցությունների, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը այս անգամ ևս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Երկու մարզերում՝ Արմավիրի և Արարատի կուսակցությունն ունի թեկնածուներ՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի:

Այսօր տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը ներկայացրեց թեկնածուներին: Այդպես, Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի ղեկավարի պաշտոնում կուսակցությունն առաջադրել է անկուսակցական Վարազդատ Հարությունյանին: Իսկ Արտաշատ քաղաքում ավագանու անդամ է առաջադրվել կուսակցական Արաքսյա Ստեփանյանը:

Վարազդատ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է ներքին գործերի համակարգում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: Ամբողջ կյանքում համայնքը չլքած Հարությունյանը նշում է, որ ունի զարգացման հստակ տեսլական և ծրագիր, բայց, շեշտում է նա, կարևորը գիտակցության փոփոխությունն է, որով համագյուղացիները պետք է գնան ընտրության: Ըստ համայնքի ղեկավարի թեկնածուի՝ թավշյա հեղափոխությունից հետո այդ խնդիրը, հատկապես մարզերում մնացել է, երբ մարդիկ ընտրում են ոչ թե ծրագրերով կամ վստահելով, որ տվյալ անձը կարող է դրական փոփոխություններ բերել, այլ որովհետև ազգականներ են՝ «դե, դեռ պիտի ապրենք մի գյուղում» սկզբունքով:

«Ես հույս ունեմ, որ այդ մտածելակերպը կփոխվի վերջապես, քանի որ երբ նայում ես, որ համայնքում տարիներով ոչինչ չի փոխվում, հասկանում ես, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ասաց թեկնածուն:

Արտաշատ քաղաքի ավագանու անդամի թեկնածու Արաքսյա Ստեփանյանը մասնագիտությամբ իրավաբան է, ակտիվ հասարակական գործիչ, երկար տարիներ ներգրավված է եղել համայնքային և երիտասարդական ծրագրերում: Նա ունի Արտաշատ քաղաքի զարգացման և խնդիրների լուծման իր տեսլականը, որն առանձնանում է նոր մոտեցումներով և քաղաքի նկատմամբ առանձնակի սիրով և հոգատարությամբ: Արաքսյան ընդգծեց նաև երիտասարդներին հուզող հարցերն իր ուշադրության կենտրոնում պահելու պատրաստակամությունը, քանի որ հատկապես մարզերում երիտասարդներն իսկապես շատ խնդիրներ ունեն՝ սկսած զբաղվածությունից, վերջացրած զվարճանքի վայրերի բացակայությամբ:

Իր ելույթում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ իր գլխավորած քաղաքական ուժը ակտիվ մասնակցություն է ունենալու ՏԻՄ ընտրություններին, և հունիսին կայացած ընտրությունների արդյունքներով արդեն մեկ հաղթանակ արձանագրել է: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ չէ, այլ սեփական ուժերը ճիշտ գնահատել և հաջողություն արձանագրելն է:

«Մեր կուսակցությունը ստեղծվել է 2016 թվականին, երբ մեր երկրում իշխում էր մեկ քաղաքական ուժ՝ Հանրապետական կուսակցությունը, և այդ ուժի մոտեցումը մշտապես եղել է այն, որ անգամ լավագույն ցանկություններով առաջնորդվող ուժերն ու անհատները ոչինչ չեն կարող անել ու փոխել, քանի որ ամեն ինչ վաղուց որոշված է: Բայց արի ու տես, որ այդքան էլ այդպես չէր կամ գոնե հաջողվեց կոտրել այդ կարծրատիպը և թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ լցվեցին հույսերով, գնացին դեպի փոփոխություններ: Իհարկե, մեկ տարին այն ժամանակ չէ, որ թույլ կտա վերջնական գնահատական տալ նոր իշխանություններին, բայց դա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է պատասխանել կարևոր մի հարցի՝ արդյոք ճիշտ է շարժվում երկիրը, թե՞ կան բացեր, որոնք պետք է լրացնել: Մեր քաղաքական ուժը կարծում է, որ կան շատ լուրջ բացեր, որոնք պետք է լրացնել և մենք վստահ ենք, որ կարող ենք դա անելի, դա ունակ է անել նոր սերունդը»,- հայտարարեց Ղուկասյանը:

Նա հավելեց, որ ՀԱՍԱԿ-ը կարող է ու հավակնում է լինել ժողովրդական ուժ, բայց դա, իհարկե, ցույց կտա ժամանակը: Իսկ հիմա կուսակցությունը զբաղված է ակտիվ կուսակցաշինությամբ և ընտրություններին մասնակցելով, քանի որ դա է ճիշտ ճանապարհը լսել մարդկանց, հասկանալ մարդկանց ու փորձել այդ ամենի հիմքով ստեղծել իրապես արդար պետություն:

ՀԱՍԱԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ հիշեցրեց, որ թեև կուսակցությունը ստեղծվել է երեք տարի առաջ, բայց քաղաքական իրավիճակը թույլ չէր տալիս ակտիվ քաղաքական վարքագիծ դրսևորել՝ մինչ 2018 թվականը, երբ հայտնի քաղաքական փոփոխություններից հետո ակտիվացավ նաև կուսակցությունը.
«ՀԱՍԱԿ-ի անդամները նախկինում ակտիվ հասարակական գործունեություն են ծավալել, մասնակցել տարբեր իրադարձությունների, բողոքի ակցիաների և այլն: Բայց մենք հասկանում ենք, որ Հայաստանը դա միայն Երևանը չէ և ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել նշանակում է ընդգրկել բոլոր մարզերը: Իսկ դրա լավագույն ճանապարհը ՏԻՄ ընտրություններին մասնակցելն է ու հաջողություն արձանագրելը, ինչպես դա եղավ մեր առաջին իսկ փորձից»,- ասաց նա:

Կոստանյանը հավելեց, որ կուսակցությունը հետագայում ևս շարունակելու է ակտիվ կապ պահել մարզերի հետ՝ անկախ նրանից ընտրությունները առջևում են, թե արդեն ավարտվել են:

Նշենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Կուսակցության գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման և ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52662