Բաքվում հանդիպել են ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականները. բարձրաձայնվել է ԼՂ խնդիրը

Ադրբեջանը կազմակերպել է Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը Բաքվում և բարձրաձայնել ղարաբաղյան խնդիրը:


Երեկ Բաքվում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիան և Աֆղանստանը, հայտնում է Ազատությունը:


Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ Գերասիմովին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բացի այդ, կայացել են նաև Գերասիմովի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի բանակցությունները:


Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված ու երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը Կասպից ծովում:


Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունների համաձայն, Գերասիմովի հետ հանդիպմանը Սադիկովն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին՝ նշելով, թե հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն է, և որ խնդիրը պետք է կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:


Գերասիմովը հանդիպմանը Ղարաբաղի շուրջ հրապարակային հայտարարություններ չի արել, միայն ընդգծել է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման կարևորությունը:


Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երեկ հանդիպել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ուոլթերսի հետ: Հանդիպմանը Սադիկովը նորից բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության հարցը՝ համոզմունք հայտնելով, թե ապագայում ևս ՆԱՏՕ-ն կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:


Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է նաև, որ Ուոլթերսը բարձր է գնահատել Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում:


Նույն հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49832