Թրամփի վարչակազմի գործողությունների վերջնական նպատակն Իրանի հետ պատերազմն է. Շիֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Իրանի հետ պատերազմի ակնհայտ ձգտումը ձեռք է բերում հատկություններ, որոնք սարսափելիորեն նմանվում են ռազմական խոշոր հակամարտությանը:


Գոյություն ունի անխուսափելի մի զգացում, որ վարչակազմի գործողությունները չեն կարող բացատրվել այլ կերպ, քան պատերազմի հավանականության մեծացման ուղղությամբ համաձայնեցված ջանքերն են, գրում է Washington Post-ը:


Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ վարչակազմի գործողությունները վկայում են այն մասին, որ պատերազմը վերջնական նպատակն է: «Իրանը տասնամյակներ շարունակ եղել եւ մնում է չար դերասան եւ ահաբեկչության պետական հովանավոր: Չնայած դրան՝ ես մտահոգված եմ վարչակազմի գործողություններով, որոնք տանում են դեպի բախում: Իրանի հետ զինված հակամարտությունն իրական աղետ կլինի»,- ասել է Շիֆը:


Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը համոզիչ փաստարկներ չի բերել՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար: «Վարչակազմը երբեք չի ասել, որ Իրանի միջուկային համաձայնագրից դուրսբերումը բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»,- ասել է Շիֆը:


Խոսելով այն տեղեկությունների մասին, որոնց համաձայն՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է կանգնած Մերձավոր Արեւելք 120000 ամերիկացի զինծառայող ուղարկելու ծրագրի ետեւում, Շիֆն ասել է.


«Եթե դա ճիշտ է, ապա Բոլթոնը, կարծես, Թրամփին ստիպում է պատերազմել Իրանի հետ: Հատկապես տագնապալից է այն, որ պարզ չէ՝ ինչ է մտածել Թրամփը՝ կապված այն բանի հետ, թե ինչպես դա կավարտվի: Կարծես թե, նրանք պետական նավը տանում են անհանգիստ ջրերով՝ պատկերացում չունենալով, թե ուր կարող են հասնել»:


Կոնգրեսականի խոսքով՝ անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ ամերիկացի պաշտոնյաները հաստատում են այս վերլուծությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46862