ՀՀ-ն ԱՄԷ-ի համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:


Քաղաքական երկխոսության համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը` ընդգծելով, որ առաջիկայում կձեւավորվի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ պատգամավորական բարեկամական խումբը:


Անդրադառնալով հայ-էմիրաթական հարաբերություններին` ԱԺ նախագահը առեւտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու գործում ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:


«Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ փոխգործակցության շրջանակներում, իսկ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը:


ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր Ազգային ժողովը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:


ԱՄԷ դեսպանը համոզմունք է հայտնել, որ ջանքեր կներդնի երկկողմ հարաբերությունների խթանման հարցում՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների: Նա մեծապես կարեւորել է ԱՄԷ-ի հայ համայնքի դերը երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ մասնակցությունը երկրի զարգացման գործում:


Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժին, մասնավորապես առանձնացրել նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառները, խոսել գործարարության զարգացման ու ներդրումների իրականացման հարցում մեր երկրում ստեղծված հնարավորությունների եւ ձեւավորված բարենպաստ մթնոլորտի մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43480