Ո՞վ է ՀՀ-ում Կալաշնիկով արտադրողը. Լիբիա զենքի վաճառք, վճարումներ Պորոշենկոյի ընկերությանը

Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրելու մասին հայտարարած Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանը հասցրել է հայտնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցներից մեկի և արտասահմանյան մամուլի էջերում։


Նրա մասնակցությամբ Լիբիա զենք է մատակարարվել, Գալստյանը փոխանցումներ է կատարել Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը, Հայաստանում հասցրել է վտարվել բնակարանից, վարկային պարտքեր կուտակել և այլն։ Գալստյանի հետ անցյալ տարվա նոյեմբերին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Սիվիլնեթը։


2018-ի օգոստոսի 21-ին պաշտպանության նախարարությունը հաղորդեց Royalsys Engineering LTD ընկերության և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով Հայաստանում պետք է հիմնվեր «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։ «Կալաշնիկով»-ը ինքնաձիգներ և զենք արտադրող ռուսական ընկերություն է, որի 25 տոկոս բաժնեմասը պետական է։ Գործարքի մյուս կողմի՝ Royalsys Engineering LTD ընկերության մասին համացանցում միակ տեղեկությունն այն է, որ պատրաստվում է Հայաստանում հիմնել «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրություն։


Ընկերության բաժնետերն ու նախագահը Դավիթ Գալստյանն է, որը Հայաստանում մի քանի այլ ընկերությունների բաժնետեր է. այդ ընկերությունները մասնագիտացած են ռազմական արդյունաբերոթյան մեջ։ Դավիթ Գալստյանի և նրա ընկերությունների անունը կարելի է հանդիպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի զեկույցում՝ կապված Լիբիա զինամթերք հասցնելու, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կապված օֆշորային ընկերության հաշվին վճարումների ու Հայաստանի դատական տեղեկատվական համակարգի բազմաթիվ փաստաթղթերում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42751