Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ։
Թուրքական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներում մանրամասներ են ներկայացվել հանդիպման ընթացքում նախարարի արտահայտած տեսակետներից, գրում է Aysor-ը:
Անդրադառնալով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին՝ Զ.Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը կատարել է իր հանձնառությունն ամբողջությամբ և նույնը ակնկալում էր նաև Թուրքիայից։
«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց այդ հարցում մենք կարծես միայնակ լինենք։ Մենք տարանջատում ենք հայ-թուրքական հարաբերություններն այլ գործընթացներից։ Այդ հարաբերությունների հետ կապվող մյուս թեմաները նախապայմաններ են: Հայ-թուրքական հարաբերությունները սեփական տրամաբանությունն ունեն և այդ հարաբերություններին անհրաժեշտ է վերաբերվել այդ շրջանակներում», - ասել է Մնացականյանը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Մնացականյանն ասել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա, ավելացնելով, որ մայիսից ի վեր, երբ կառավարությունը ստանձնեց իր պարտականությունները, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիշեցնելով, որ բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Միսնկի խմբի եռանախագահող երկրների, ինչպես նաև Ադրբեջանի հետ։
«Պարտադրանքի կամ միակողմանի միջամտությամբ այս հարցում չենք կարող հաջողության հասնել: Բանակցություններում և մեր աշխատանքներում նկատվում է դինամիզմ։ Մենք պնդում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Կարևոր է, որ երկրները ջանքեր գործադրեն լարվածության թուլացման ուղղությամբ։ Շատ կարևոր է նաև ատելության մթնոլորտի թուլացումը։ Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը», - ասել է Մնացականյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39940