Սալեհի. Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանի շահերը չապահովելու դեպքում Իսլամական հանրապետությունը պատրաստ է վերականգնել իր միջուկային գործունեության այն մակարդակը, որը կար մինչ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:


Euronews հեռուստակայանին տված հարցազրույցում, Սալեհին նշել է. «ՄԱԳԱՏԷ-ի հաստատմամբ, Իրանի բոլոր միջուկային քայլերն իրականացել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում: Սակայն եթե այս համաձայնությունը չեղարկվի, Իրանը կվերականգնի իր միջուկային գործունեության այն մակարդակը, որը կար մինչ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: Նա ընդգծել է, որ Իրանն ի վիճակի է ոչ միայն շատ արագ վերադառնալ իր միջուկային գործունեությանը, այլև տեխնոլոգիապես հասնել էլ ավելի բարձր մակարդակի։


Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, Սալեհին հստակեցրել է. «Իրանն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո  շատ շրջափակումների ու սահմանափակումների է ենթարկվել, բայց բոլոր դժվարությունները հաջողությամբ է թիկունքում թողել և այսօր դարձել է տարածաշրջանային արագ զարգացող հզոր երկիր»:


Սալեհին Իրան-Եվրամիություն հարաբերությունների մասին ասել է, որ «Թեհրանը և Բրյուսելը փորձում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը որպես կողմերին միացնող օղակ պահպանել, ինչը կարող է ենթահող ստեղծել նաև տնտեսական, մշակութային ու գիտական ոլորտներում երկու կողմերի համագործակցության ընդլայնման համար»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39321