Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կազդեն ՀՀ տնտեսության վրա. նախարար

Դեռևս վերլուծություններ չկան, թե ինչպիսի ազդեցություն կունենա Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա: Բայց ազդեցություն, բնական է, կունենա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։


Նրա խոսքով, նախարարությունը դեռ լիարժեք պատկերացում չունի, իսկ ունենալուն պես՝ կներկայացնի հանրությանը.


«Ազդեցություններ բնականաբար կարող են լինել, դրանք պետք է հավասարակշռված ներկայացվեն՝ ազդեցություն թե՛ բացասական, թե՛ որոշակի հնարավորությունների ընձեռնման տեսակետից», - ասաց նա։


Նա նաև անդրադարձավ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք այսօր գտնվում են որակական նոր մակարդակի վրա: Մինասյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ԱՄՆ հետ ներդրումների փոխադարձ համաձայնագիր ունենալու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա թխթանել ամերիկյան կազմակերպությունների ներդրումները և նոր մեխանիզմներ գործադրել առևտրաշրջանառության առումով:  


«Ես արդեն ասել եմ, որ առաջարկվում են շուրջ մեկ միլիարդ դոլարը գերազանցող ներդրումային ծրագրեր, որոնցից իրատեսական է 240 հազար դոլարի ներդրումներ ունենալ առաջիկա ժամանակահատվածում: Դրանց մի մասն արդեն իրականացվել է և վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին, լոգիստիկ հնարավորություններին, բարձր արտադրողականության գյուղատնտեսական վերամշակման ոլորտին, բարձրակարգ հյուրանոցային ծառայությունների ստեղծմանը և այլն: Ամերիկյան կողմից ունենք առաջարկներ, որոնք վերաբերում են առողջապահական համակարգին, կրթական ոլորտին և այլն», - հավելեց նախարարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35492