Մամուլի տեսություն. Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը վրդովվեցրել է ՀՅԴ-ին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը բավական պատկառելի ունեցվածք է հայտարարագրել: Այսպես՝ նա պաշտոնապես ունի երկու առանձնատուն, երեք բնակարան եւ 12 հատ հողամաս, երեք հատ ավտոմեքենա` «RANGE ROVER 4.4 L V8 2.2», «MERCEDES-BENZ S 500 2.3» եւ «UAZ 469» մակնիշների: Հարությունյանը հայտարարագրել է նաեւ 309 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու պահին` հոկտեմբերի 8-ի դրությամբ ունեցել 471 հազար 931 դոլարի եւ 2 մլն 659 հազար 657 դոլարի փոխառություններ` տոկոսով տրված գումարներ: ՊԵԿ նոր նախագահն ունի նաեւ 8 մլն դրամը գերազանցող արժեքով 2 ժամացույց եւ մեկ կտավ: Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն 743 հազար դրամ, 54 հազար 105 դոլար եւ 110 եվրո: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնում նա այս տարվա 9 ամսում ստացել է 123 միլիոն 80 հազար դրամ աշխատավարձ` ամսական 13 միլիոն 675 հազար դրամ: Այս տարվա ընթացքում ստացել է նաեւ 121 հազար 640 դոլարի եկամուտ, որպես փոխառությունների տոկոսավճար»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Նաիրի Հունանյանը հոգեկան շեղումներ եւ առողջական խնդիրներ ունի։ «Առողջական վիճակը բավարար է»,- պատասխանեց նա։ Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Հունանյանին ԱԱԾ-ում գտնվող կալանավայրից՝ «Երեւան-Կենտրոնից», ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի վնասման խնդիրներով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» եւ վիրահատել: Նաիրի եւ Կարեն Հունանյանների միակ այցելուն հայրն էր՝ 1937թ. ծնված Հրաչիկ Հունանյանը, որը մահացել է 2012-ին, մայրն էլ տարիներ առաջ ջրահեղձ է եղել Եվպատորիայում: Նրանց փոքր եղբայրը՝ Արմեն Հունանյանը, ապրում է Եվպատորիայում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ է գնալու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Գագիկ Հարությունյանը պատրաստ է անգամ մի քանի ամիս շուտ հեռանալ, որպեսզի Թովմասյանը հասցնի մեկուկես տարվա ընթացքում, քանի դեռ նոր Սահմանադրությունը չի գործում, դառնալ ՍԴ նախագահ: Բանն այն է, որ այժմ ՍԴ նախագահն ընտրվում է ԱԺ-ում՝ ԱԺ նախագահի ներկայացմամբ, իսկ նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ նախագահին ընտրելու են ՍԴ անդամները՝ իրենց կազմից: Մեկ կարեւոր նկատառում եւս. նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ-ում կարող են աշխատել ընդամենը 12 տարի, որից միայն 6 տարին կարող ես լինել նախագահ: Այսինքն՝ ամեն կերպ պետք է հասցնել Թովմասյանին դարձնել ՍԴ ցմահ նախագահ, քանի դեռ նոր Սահմանադրությունն ուժի մեջ չի մտել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Խնդիրը հետեւյալ կերպ է դրված. պաշտոնը պետք է արտացոլի Հանրապետական կուսակցությունում նրա բարձր դիրքը` Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը: Այս նպատակով նաեւ քննարկվում է տարբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կլինի կուսակցության նախագահը, իսկ Կարեն Կարապետյանը` խորհրդի նախագահը: Համանման մեխանիզմ ժամանակին կիրառվել է Սերժ Սարգսյանի համար, երբ 2006-ի հուլիսին նա անդամակցեց ՀՀԿ-ին: Այն ժամանակ ՀՀԿ-ի նախագահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո դարձավ կուսակցության խորհրդի նախագահը: Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցական երկու պաշտոններն էլ անցան Սերժ Սարգսյանի տիրապետման տակ»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը առավելագույնս վրդովվեցրել է ՀՅԴ-ին: Ծառուկյանի նախօրեին արած հայտարարությունից հետո ՀՅԴ գրասենյակում կուսակցական հավաք է եղել: ՀՅԴ խմբակցության առաջին դեմքերը զայրացած հայտարարել են, որ նման բան չի կարող լինել եւ չպետք է լինի, քանի որ Ծառուկյանի վերադարձը կնշանակի բոլոր պայմանավորվածությունների խախտում: Կուսակցական հանդիպման ժամանակ անգամ որոշում է կայացվել երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից առաջ գնալ Սերժ Սարգսյանի մոտ եւ ներկայացնել իրենց կատեգորիկ դեմ դիրքորոշումը Ծառուկյանի վերադարձի հետ կապված: Բացի այդ, ՀՅԴ-ն կարծում է, որ նախագահը պարտավոր է իրենց կարծիքն էլ հաշվի առնել նման որոշումներ ընդունելիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, երեկ այդ հանդիպումը չի կայացել: ՀՅԴ-ի այս խուճապահար վարքագիծը փաստում է, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը նշանակում է իրենց վերջը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում գործող նախարարությունների եւ մնացած գերատեսչությունների ենթակայությամբ գործում են բազմաթիվ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ` ՊՈԱԿ-ներ: Վերջիններիս գործառույթները, որպես կանոն, մնում են ստվերում: Սա այն դեպքում, երբ իրականում այդ կառույցները վաղուց վերածվել են պետական կառավարման համակարգի չարորակ ուռուցքի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊՈԱԿ-ների աշխատակիցների մի զգալի մասն իրականում տվյալ գերատեսչության աշխատակցի պարտականություններ է իրականացնում: Պարզապես ՊՈԱԿ-ը ձեռնտու է աշխատողի համար, քանի որ ի տարբերություն քաղծառայողների՝ ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Մինչդեռ իրականում աշխատակիցներին գրանցում են ՊՈԱԿ-ում, բայց նրանք փաստացի աշխատում են նախարարությունում: Սակայն, ի տարբերություն նախարարության աշխատակիցների, նրանք քաղծառայողներ չեն, հետեւաբար նրանց ազատելն ավելի հեշտ է: Այլ կերպ ասած՝ ՊՈԱԿ-ները վաղուց վերածվել են քաղծառայության համակարգը շրջանցելու հնարավորություն ընձեռող հարմարավետ գործիքի»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12437