Էրդողանը ցանկանում է վերականգնել մահապատիժը

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները իմանալուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իր հաջորդ քայլը լինելու է երկրում մահապատիժը վերականգնելը։ Նա շեշտել է, թե այդ հարցով կհանդիպի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ։ Նրա խոսքով, եթե «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն էլ միանա, ապա խորհրդարանով հնարավոր կլինի անցկացնել մահապատիժը։ «Եթե խորհրդարանում բավարար քանակ չապահովենք, ապա մահապատիժը մտցնելու օրինագիծը կդնենք հանրաքվեի»,-ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, նախօրեին Թուրքիայում հանրաքվեում քվեարկության էին դրվել Սահմանադրության 18 կետերի փոփոխությունը, որոնցից հիմնականները հետեւյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18 տարեկանի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17091