Հայաստանն ու Իրանը սերտացնում են գործակցությունը մաքսային ոլորտում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:


Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարին ներկայացվել են սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:


Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին անդրադարձել են մաքսային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, բեռնափոխադրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին: Կողմերը քննարկել են տեղեկատվության նախնական փոխանակման հնարավորությունները, մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մեխանիզմները, ինչպես նաև փաստել են Նորդուզի և Մեղրիի սահմանային անցակետերի ղեկավարների անմիջական շփումներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը։


Այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Երևանում նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի առանձնազրույցը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99616