ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտորի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր Յուրի Լևինին:


Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցերին: «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտորը նախագահ Սարգսյանին է ներկայացրել հայաստանցի գործընկերների հետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև դպրոցի գործունեության ուղղությունները, որոնք ընդգրկում են նաև թվային տրանսֆորմացիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական ու կայուն զարգացման ոլորտները:


Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման մտադրությունները՝ կարևորելով ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ փոխգործակցության հնարավորությունների շուրջ: Նախագահ Սարգսյանը «Սկոլկովո» կառավարման դպրոցի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99476