Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության հարցը չի քննարկվել

Չնայած վերջին իրադարձություններին՝ Թուրքիայի բանակը նախկինի պես շարունակում է հզոր լինել: Այս մասին Reuters հետ հարցազրույցում ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նա նշել է, որ Թուրքիան ունի արհեստավարժ զինված ուժեր և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն մնալ ՆԱՏՕ-ի հավատարիմ ու հզոր գործընկերներ:

«Հույս ունեմ, որ Թուրքիայի իշխանությունների արձագանքը հեղաշրջմանը կլինի հավասարակշռված, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արժեքներին համապատասխան», - նշել է Սթոլթենբերգը:

Գլխավոր քարտուղարը նաև ավելացրել է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության հարցը չի քննարկվել:
«Բոլորիս համար կարևոր է, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից: Քանզի այս պետությունը գտնվում է այնպիսի թեժ կետերի սահմանին, ինչպիսիք են Իրաքն ու Սիրիան», - հավելել է նա:

Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Թուրքիան հնարավոր է զրկվի Ալյանսում անդամությունից, եթե երկրում չհարգվեն ժողովրդավարական արժեքները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9935