Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։


Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, երկուստեք վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև համագործակցությանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումներին: Նախարարները կարևորել են նաև կրթական ոլորտում համագործակցության խորացումը։


«Ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համատեքստում Արարատ Միրզոյանը և Էվա-Մարիա Լիիմեթսը կարևորել են հունիսին Հայաստանում անցկացված ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ։ Այդ առումով ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ Քննարկվել են նաև Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ երկու երկրների ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը։


ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ կարգավորումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախաձահության շրջանակներում:


ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը՝ կարևորելով միջազգային գործընկերների հասցեական արձագանքն՝ ուղղված տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99314