Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ-ի՝ տարածաշրջանում դեէսկալացիային միտված ջանքերի անհրաժեշտությունը

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի օրակարգին։ Արարատ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը՝ հիմնված ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա և ՀԱՊԿ դաշնակցային պարտավորություններին համահունչ։


Նախարար Միրզոյանն իր գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները։


Այդ առումով նա շեշտել է դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործիքակազմի, այդ թվում՝ ճգնաժամային արձագանքման գործիքակազմի կատարելագործման կարևորությունը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99292