Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափը ԵԱՀԿ-ին երկրորդ պլան է մղել. կարծիք

Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ին նշանակալի է մի քանի պատճառներով: Այս մասին գրում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ Bunin & Co տելեգրամային ալիքի համար։


«Նախ՝ այն անցկացվել է երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից մեկ տարի անց։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է: Ընդհակառակը, այն բանի նշանները, որ Բաքուն եւ Երեւանը նախկինի պես հեռու են խաղաղությունից, չափազանց շատ են դրանք անտեսելու համար։ Հրադադարի ամենամասշտաբային խախտումը տեղի է ունեցել Սոչիի գագաթնաժողովից ընդամենը 10 օր առաջ։


Երկրորդ՝ 2020-ի նոյեմբերից մինչեւ 2021-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն ամրապնդել է իր առաջատարությունը՝ որպես խաղաղ գործընթացի մոդերատոր։ Եվ այդ դերի հետ, ինչը պակաս կարևոր չէ, համաձայն են և Բաքվում, և Երևանում։ Երեք համատեղ հայտարարությունները մեկ տարվա ընթացքում: Նման քանակությամբ բովանդակային փաստաթղթերով Մինսկի խմբի միջնորդներից ոչ մեկը չի կարող պարծենալ։


Փաստենք՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափը ԵԱՀԿ-ին դուրս մղեց որպես բանակցային հարթակ։ Երրորդ՝ Սոչիի գագաթաժողովը, թեև չի հանգեցրել բանակցային ուղու զգալի բեկման, իզուր չի անցել։ Դրա արդյունքում հայտնվել է Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի երրորդ համատեղ հայտարարությունը։


Ոճական առումով դա շատ տարբերվում է նախորդ երկուից: 2020 թվականի նոյեմբերի 10-ի առաջին փաստաթուղթը, եթե կարելի է ասել, կրագ հանգցնող փաստաթուղթ էր։ Այն սահմանում էր հրադադարի պայմանները և տալիս էր որոշակի կանոններ խաղաղ կարգավորման՝ հին ստատուս-քվոյի ոչնչացման և նորի ձևավորման պայմաններում։ 2021 թվականի հունվարի 11-ից երկրորդը կենտրոնացած էր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։


Առաջարկվում էր խաղաղ գործընթացում տնտեսական նպատակահարմարություն դնել։ Չստացվեց։ Սակայն հակամարտող երկրների միջև լիարժեք տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցը նոր համատեղ հայտարարության մեջ արդեն կապվում է և Ղարաբաղում ռուս խաղաղապահների արդյունավետության, և սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ։


Այս կետը նախկինում այնքան հստակ դեռ չի գրանցվել: Ակնհայտ է, որ 2021 թվականի ընթացքում հենց սահմանային թեման է առաջին պլան մղվել, դարձել է ամենավտանգավոր մարտահրավերը տարածաշրջանային անվտանգության համար։ Եվ Մոսկվան ձգտում է ցույց տալ և Բաքվին Երևանի, և ամբողջ աշխարհին, որ հենց նա է լինելու այդ հանգույցը լուծելու գլխավոր ռեսուրսն ու գործիքը», - համոզված է Սերգեյ Մարկեդոնովը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99032