ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են հնչել․ կոտրել են ոստիկանների ավտոմեքենա

Այսօր երեկոյան կրակոցներ են հնչել զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքից, այնուհետև ճեղքելով Խորենացի փողոցի վրա՝ ՊՊԾ գունդ տանող ճանապարհը արգելափակած ոստիկանության շղթան և արյունահեղությունը կանխելու նպատակով այդ տարածքում հավաքված քաղաքացիների բազմությունը, շտապօգնության երկու մեքենաներ դուրս եկան ՊՊԾ գնդի հարակից տարածքից:

Քաղաքացիները բուռն կերպով արձագանքեցին տեղի ունեցածին, սկսվեց քաշքշուկ, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Որպես «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ ներկայացած անձինք հայտարարեցին, որ իրենք խոսել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, զինված խմբի կազմում ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցող Վարուժան Ավետիսյանի հետ, և վերջինս իրենց ասել է, թե որևէ գրոհ չկա և իրենք պարզապես օդ են կրակել՝ ի պաշտպանություն ոստիկանության պատնեշի մոտ հավաքված անձանց:

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը ևս, ի պատասխան լրագրողների հարցին, հաստատեց, որ կրակոցները հնչել են ՊՊԾ գնդի տարածքից և ոստիկանական ուժերի գրոհ չի եղել:

Ոստիկանությունը հորդորեց քաղաքացիներին հետ քաշվել իրենց դիրքերից:

Իսկ ժամեր առաջ 4-5 ոստիկաններով ոստիկանական մի մեքենա էր փորձում անցնել դեպի ՊՊԾ գնդի տարածք, սակայն Խորենացի փողոցի մոտ հավաքված ակտիվիստները թույլ չտվեցին անցնել՝ հարվածներ հասցնելով ու կոտրելով մեքենայի հետեւի ապակին (լուսանկարում): Ակտիվիստները փորձում էին նաեւ շրջել ոստիկանական մեքենան, սակայն ոստիկաններին մի կերպ հաջողվեց հետ փախչել:

Հիշեցնենք, հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գլխավորությամբ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը արդեն երկու օր է՝ գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդներ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Իրավապահները փակել են ՊՊԾ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է նրանց հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9886