Մամուլի տեսություն. ԼՂ հարցում Սերժ Սարգսյանը կանգնել է պատմական դիլեմայի առջև

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Իրատես de facto» թերթը գրում է. «Չնայած ամառը քաղաքական առումով պասիվ շրջան է, սակայն այս տարի այն, հիմնականում խորհրդարանական ուժերի համար, բավականին աշխատանքային է լինելու, նախընտրական տարին շտապողականություն է թելադրում ուժերին: Մինչ ընդդիմադիրները կատաղի պայքար են մղում, պարզելու՝ ով է իրենցից ավելի ընդդիմադիր, իշխանական ուժերը կարգի են բերում իրենց ռեսուրսները: Հարաբերական հանգիստ է տիրում ՀՅԴ-ում. ոչ թե վստահ են, որ հանրությունն իր քվեն Դաշնակցությանն է տալու, այլ քաղաքական գործարքով ապահովել են իրենց մի քանի տեղը խորհրդարանում (նույնիսկ այդ մի քանի տեղի համար էլ, ասում են, դեռ ներկուսակցական պատերազմներ են լինելու): Իշխանության հետ վերջին գործարքից հետո ՀՅԴ-ի վարկանիշից բան չի մնացել. փոխարենը կան պաշտոններ, որոնք էլ հենց պետք էին ձայներ «հավաքելու» համար: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն մեծ սպասումներ ունի իր նախարարներից, մասնավորապես Դավիթ Լոքյանից, քանի որ վերջինս «համակարգում» է մարզերն ու մարզպետներին: Սակայն մարզպետներից մեկը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դաշնակցականները տեղով «կրակ» էլ դառնան, իրենց «սահմանված փայից» ավելին չեն ստանալու»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը լուծարվում է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 6-ի որոշմամբ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին նույն դատարանն անցած տարվա նոյեմբերի 2-ին սնանկ էր ճանաչել: Իսկ այս տարվա մարտին հաստատվել էր ընկերության առողջացման ծրագիրը»:

«168 ժամ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը որոշել է սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում հանդես գալ դաշինքով և համամասնական ցուցակի առաջին համարում առաջադրել Գյումրիի գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական Սամվել Բալասանյանին: Դաշինք ՀՀԿ-ն կազմելու է ոչ թե պաշտոնապես իշխանական կոալիցիայում դաշինքի մեջ գտնվող ՀՅԴ-ի, այլ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հետ: Այս տեղեկությունը միանգամից մի քանի սենսացիաներ է պարունակում: Նախ՝ պարզվում է, որ Հայաստանում Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն կա: Խոսքն այն կուսակցության մասին է, որի ղեկավարը ներկայումս ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ փոխնախարարներից մեկի՝ հայր, մյուսի՝ կնոջ հայր Խոսրով Հարությունյանն է: Այս տեղեկատվության մյուս սենսացիոն բաղադրիչն այն է, որ իշխող ՀՀԿ-ն, որ աջ ու ձախ հայտարարում է, թե վստահ, համոզված, երաշխավորված, անկասկած է, որ հաղթելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, դաշինք է կազմում մի կուսակցության հետ, որի ղեկավարը և, ամենայն հավանականությամբ, միակ իրական անդամը պատգամավոր է դարձել այլ կուսակցության ցուցակով: Ընդհանրապես, նախընտրական դաշինքներ կազմվում են այն դեպքում, երբ դաշինքի անդամ կուսակցությունները վստահ չեն, որ միայնակ մասնակցելու դեպքում կարող են հաղթահարել ընտրական նվազագույն շեմը: Փաստորեն, ՀՀԿ-ն այսպիսով խոստովանում է, որ իրականում չի կարող միայնակ, սեփական անունով մասնակցելու դեպքում անգամ՝ մի քանի մանդատ ստանալ Գյումրիի ավագանու կազմում: Մյուս կողմից՝ խոստովանում է, որ այնքան վարկաբեկված է, որ կարողացել է դաշինք կազմել միայն գոյություն չունեցող կուսակցության հետ: Հանրությանը հայտնի մյուս ուժերից թերևս վերջինը Դաշնակցությունն էր, ով խոստովանելով, որ վարկաբեկվելու է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելով՝ կոալիցիայի անդամ դարձավ: Բայց ամենածիծաղելին ու տարօրինակն այն է, որ ՀՀԿ-Խոսրով Հարությունյան դաշինքը քաղաքապետի թեկնածու է առաջադրում մեկին, ով ոչ միայն դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի անդամ չէ, այլ հասցրել է լինել Հայաստանում գրեթե բոլոր հնարավոր կուսակցությունների անդամ, բայց ներկայումս անկուսակցական է: Ընդ որում, այսպես է վարվում իշխող այն կուսակցությունը, որը սահմանադրական բարեփոխումները հիմնավորում էր քաղաքական համակարգի կայացմամբ, կուսակցությունների ամրապնդմամբ, և այլն: Մնում է հուսալ, որ Սամվել Բալասանյանի հաղթանակի դեպքում Արտգործնախարարությունը չի տեղափոխվի Գյումրի: Չնայած բացառված չէ, որ հենց այդ պայմանով Խոսրով Հարությունյանը համաձայնած լինի դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ: Ինչպես ասում են՝ ամեն ինչ կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների շուրջ որեւէ որոշում այս պահին չկա. բոլորն սպասում են «ինքը վեր կյա, տեսնենք հինչա՞ ասում»: Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, որը հուլիսի 16-ին կլինի Ղարաբաղում` քննարկելու նաեւ այդ հարցը: Բանն այն է, որ ցանկացած քաղաքական որոշում` թե Հայաստանում, թե Ղարաբաղում «դրսի» համար «գին» ունի. վերջիններս բացահայտ հասկացնում են, եթե ցանկանում եք «այդպես», ապա պետք է անեք մեր ուզած-ասածները: Ընդ որում, եթե Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններում կիրառվի անցումային դրույթը, այն է՝ մինչեւ 2020թ. շարունակում է նախագահական կառավարումը, որից հետո էլ ուժեղ նախագահ` առանց վարչապետի մոդելը, ապա. «Մենք նմանվիլու ենք Ադրբեջանին, թե հինչ կիլի, պտի սպասենք տեսնենք` հինչ են որոշում 16-ին»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետեւից, Մայր Թերեզայի դեմքի արտահայտությամբ շտապում են փոխզիջումների մասին խոսել, իբր հողերի հանձնումն այլընտրանք չունի եւ այսպես շարունակ: Իհարկե, Հայաստանում բոլորը լավ գիտեն, որ այն պաշտոնյան, որը կփորձի հողեր հանձնել, ոչ միայն իր քաղաքական կարիերային վերջ կդնի, այլև կվտանգի իր ֆիզիկական գոյությունն ընդհանրապես: Այս իմաստով մի տեսակ հանգստություն կա հասարակական տրամադրություններում։ Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ-ականներից պարզել, թե կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում, եւ ինչպես են զիջումների թեմային արձագանքել նժդեհական ներկայացողները։ ՀՀԿ երիտթեւի 41-ամյա նախագահ Կարեն Ավագյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Ոչ մի բան չունեմ այս մասին ասելու: Այսօր (երեկ) Արմեն Աշոտյանը մեծ ասուլիս է տվել, Էդուարդ Շարմազանովն էլ ԳՄ նիստերից հետո ներկայացնում է ամեն ինչ, ոչինչ չունեմ ավելացնելու»։ Իսկ ՀՀԿ խմբակացության եւ գործադիր մարմնի մեկ այլ անդամ Գագիկ Մինասյանն էլ լղոզեց հարցի բուն էությունը՝ ասելով. «Մենք շատ հաճախ անդրադառնում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ դրա կարգավորման հնարավորություններին»: Այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ ԼՂՀ հարցով կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը իր կուսակիցներին»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9714