Հայաստանի և Ադրբեջանի միջև պետսահմանի որոշման հարցը չի կարող լուծվել առանց ՌԴ-ի. նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի որոշման հարցը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության: Ադրբեջանական կողմը վիրտուալ քարտեզներ է օգտագործում, մինչդեռ իսկական սահմանը պետք է հաստատել խորհրդային քարտեզների միջոցով: Այս մասին «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։


Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո «առաջին օրվանից» երկու երկրների միջեւ խնդիրներ են առաջացել սահմանի հաստատման հետ կապված եւ այն հարցի շուրջ, թե կոնկրետ որտեղով է այն անցնում։  


«Այն ժամանակ [ռազմական գործողությունների ավարտից հետո] ես նույնպես նամակ գրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին [Պուտինին], այդ նամակում ես արտահայտեցի այն միտքը, որ հենց [խորհրդային] քարտեզներում է [խնդրի հնարավոր լուծումը]։ Հակառակ դեպքում, տարբեր տեղերում կողմերը, առաջին հերթին՝ ադրբեջանական կողմը, Google-ի, էլ չգիտես ինչի քարտեզներ է օգտագործում: Այդ դեպքում ծրագրավորման հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած տեղ «նկարել» սահմանը։ Մի խոսքով, դրանք վիրտուալ քարտեզներ են։ Իսկ իրական քարտեզները. ի վերջո, մենք պատմություն ունենք, ի վերջո, ընդհանուր պատմություն Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում»,- շեշտել է նախագահը։


Արմեն Սարգսյանի խոսքով՝ սահմանի որոշման հետ կապված դժվարություններ են առաջացել, մասնավորապես՝ սահմանին հայտնված գյուղերի, ինչպես նաեւ ընկերություններին պատկանող տարածքների հետ։ Օրինակ, հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկի մասով պարզ չէ, թե «որտեղ է այժմ հանքային հատվածը՝ ձախ, թե աջ կողմում»։


VERELQ-ը հիշեցնում է, որ անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ, նույնպես ասել էր, որ Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշման գործում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97008