Խոշորացման արդյունքում անվտանգության խնդիրները բարձր մակարդակով կլուծվե՞ն. քննարկում

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները` նշելով, որ խոշորացման արդյունքում կունենանք 78 համայնք, այդ թվում` Երեւանը: Նախարարի խոսքով` ուսումնասիրվել է համայնքների խոշորացումը, հաշվի են առնվել թե’ դրական, թե’ բացասական կողմերը, եւ որոշվել է շարունակել սկսած գործընթացը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ լրջագույն խնդիրներ են առաջանում համայնքի բնակչության 3000-ից քիչ լինելու դեպքում: Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ խոշորացման նոր տարբերակում համայնքային մեծ փնջեր են նախատեսվում:


Ըստ նախարարի` խոշորացումը կնպաստի, որ սահմանամերձ համայնքները չդատարկվեն եւ հնարավորություն կտա, որ բոլոր երեխաները, անկախ նրանից` մեծ համայնքում են բնակվում, թե փոքր, ունենան այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեն իրենց հասակակիցները:


Պատգամավորները համայնքների խոշորացման ռիսկերը բարձրաձայնեցին, խոսեցին որոշ համայնքներում խոշորացման տարբեր մոդելների կիրառման նպատակահարմարության մասին, կարեւորեցին իրականացվող գործընթացի վերաբերյալ բնակչության իրազեկումը:


Նախարարի խոսքով` խոշորացման արդյունքում անվտանգության խնդիրներն ավելի բարձր մակարդակով կլուծվեն: Կարեւորվեց պետության կողմից տրամադրվող դոտացիաների նպատակային օգտագործումը, անդրադարձ եղավ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:


Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94710